Չափավոր հույսեր՝ հելսինկյան վեհաժողովից

Մինչ հելսինկյան հանդիպումը Թրամփն ասել էր, թե հույս ունի «արտակարգ հարաբերություններ» հաստատել Մոսկվայի հետ: Իսկ Պուտինի հետ առանձնազրույցից հետո նա այդ հանդիպումը որակել է որպես «լավ սկիզբ»:
 
Պուտինն էլ իր հերթին բանակցություններն՝ անկեղծ ու գործնական, հանդիպումը «հաջողված» է անվանել:
 
Արդեն հայտնի է, որ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը առանձին զրուցել են ավելի քան երկու ժամ, թեև դրա համար նախատեսված էր ընդամենը մեկուկես ժամ: Այս հանդիպման բոլոր մանրամասները դեռևս չեն հրապարակվում, սակայն քանի որ աշխարհը դրանից որոշակի ակնկալիքներ ունի, արդեն նաև գնահատականներ են հնչում:
 
Օրինակ, լարվածության հնարավոր լիցքաթափման մասին է խոսել Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը: Սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո զարգացման սեփական ուղին ընտրելով՝ սլավոնական այս երկիրը Ռուսաստանի հետ հարաբերություններում նույնպես շրջադարձ արեց: Բնականաբար՝ աշխարհում տիրող լարվածության մեղմացումը բոլորին է ձեռնտու, և Լեհաստանի արտգործնախարարը նման հեռանկար տեսնում է: 
 
- Ինձ թվում է, որ սա սկիզբ է որոշակի գրծընթացի, հնարավոր է՝ լիցքաթափման: Այդպիսի որոշակի հույս կա: Գուցե դա նույնպիսի սկիզբ է, ինչպիսին եղավ Հյուսիսային Կորեայի հետ,- լեհական հետուստատեսության եթերում Բրյուսելից ասել է նա:
 
Այդուհանդերձ, դիվանագետը կարծում է, որ Հելսինկիի հանդիպման արդյունքերին դեռևս պետք է սպասել՝ ամեն ինչ միանգամից չի լինի: 
 
Հանդիպումից իր ակնկալիքներն է հայտնել նաև Միավորված ազգերի կազմակերպությունը: Նրա արձագանքից էլ երևում է, որ ամենից շատ հետաքրքրված է ահագնացող սպառազինության զսպման հնարավորություններվ: Հատկապես՝ միջուկային սպառազինության: 
 
Միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը լրագրողներին ասել է, թե ՄԱԿ-ը ողջունում է ՌԴ և ԱՄՆ առաջնորդների ցանկացած պայմանավորվածություն, որը կարող էր նպաստել միջուկային զինաթափման նպատակին: 
 
Հաղորդվում է, թե հանդիպման ժամանակ Պուտինն ու Թրամփը եկել են եզրակացության, որ երկու երկրները «անհրաժեշտաբար պետք է համատեղ աշխատեն ռազմաքաղաքական և զինաթափման թղթածրարի վրա»: Հաքը պարզաբանել է, որ տվյալ պահին ՄԱԿ-ի քարտուղարությունն ուսումնասիրում է երկու երկրների պայմանավորվածություները: 
 
- Մենք անպայման կողջունեինք ցանկացած համագործակցություն, որը կարող է հանգեցնել մեր նպատակին՝ զինաթափում բոլոր երկրների համար, - ընդգծել է Հաքը: 
 
Լրատվամիջոցները փոխանցել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գնահատականը: Նա ասել է, թե վեհաժողովն արմատականորեն փոխեց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները: 
 
Այս վեհաժողովն, անշուշտ, հետևանքներ կունենա՝ մեծ կամ փոքր չափով ազդելով աշխարհաքաղաքական զարգացումների հետագա ընթացքի վրա: Բայց արդեն ակնհայտ է, որ աշխարհիս հզորները գոնե երբեմն փորձում են քննական հայացք ձգել իրենց կործանարար քաղաքականությանը, որպեսզի աշխարհը հենց իրենց գլխին չփլվի: