Բեռլինն ու Հռոմը՝ ներգաղթի խնդիրների մասին

Եվրոպայի համար ներգաղթի խնդիրները, կարելի է ասել, կոկորդում մնացած փուշ են, որ ամեն վայրկյան հիշեցնում են իրենց մասին: Մոլորակի անապահով ու աղքատ վայրերից մարդիկ ձգտում են հայտնվել հատկապես Եվրոպայում. մանավանդ նրանք, ովքեր խարխուլ նավակներով ապահով ափ են փնտրում՝ Միջերկրական ծովի ալիքներին ապավինելով: 2015թ. Եվրամիությունը նախաձեռնեց «Սոֆիա» գործողությունը, որի նպատակն էր զբաղվել ներգաղթյալների փրկությամբ և մաքսանենգության դեմ պայքարով: Երեկ այդ գործողության կարևորության մասին խոսել են Գերմանիայի և Իտալիայի արտգործնախարարները:
 
ԳԴՀ արտգործնախարար Հայկո Մաասը լրագրողներին հայտնել է, որ Բեռլինն ու Հռոմը փորձում են ներգաղթի խնդիրների համար Եվրամիության մակարդակով լուծում գտնել, և իրենց ուշադրության կենտրոնում է ներգաղթյալներին փրկելու «Սոֆիա» գործողության շարունակականության հարցը: Մաասն ասել է, որ Գերմանիան և Իտալիան լի են վճռականությամբ՝ եվրոպական մակարդակում ներգաղթի խնդիրները հաղթահարելու ուղիներ փնտրել և պատրաստ են այդ գործում իրենց ավանդը ներդնել: Գերմանիայի ԱԳ ղեկավարը այս մասին խոսել է իտալացի իր գործընկեր Էնցո Մոավերո-Միլանեզիի հետ բանակցելուց հետո: 
 
- Մենք, բնականաբար, այսօր քննարկեցինք ներգաղթը: Այստեղ կա ձգտում՝ գտնել ընդհանուր որոշում: Մենք ակնկալում ենք, որ ԵՄ բոլոր երկրները կպահպանեն համաձայնեցված պայմանավորվածությունները: Իսկ ծովում փրկություն ցուցաբերելը նման պայմանավորվածություն է,- ասել է նա: 
 
Իտալիայի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ ներգաղթի հիմնախնդիրը «պատմական նշանակություն ունի»: Ու նաև  կարծիք է հայտնել, որ եվրոպական պայմանագրերը «այստեղ գործողությունների քիչ գործիքներ են ներկայացնում»:
 
Որքան էլ Եվրամիությունը նման գործողություններ ու պայմանագրեր է նախաձեռնում, մինչև օրս էլ Միջերկրական ծովում տասնյակներով մարդիկ են խորտակվում, իսկ փրկվածներին էլ շատ դեպքերում հրաժարվում են ափ թողնել առափնյա երկրները: Մի կողմից նրանք, բնական է, սեփական երկրի շահերն են պաշտպանում, մանավանդ այսօր ներգաղթյալների հետ բազմաթիվ կործանարար վտանգներ են ներթափանցում այդ երկրները: Բայց նաև որքան անմարդկային է ծովի ալիքների վրա թողնել մազապուրծ մարդկանց, որոնք կարիք ունեն հացուջրի, բժշկական օգնության ու դեղորայքի, էլ չասած՝ կյանքի ու կենցաղի տարրական պայմանների: 
 
Իսկ Եվրոպան, ինչպես միշտ, փորձում է պայքարել հետևանքների դեմ՝ հաշվի չառնելով, որ ներգաղթ կոչվող չարիքի արմատը շարունակում է բարգավաճել ու առատ «բերք» տալ նաև իր միջազգային գործունեության պատճառով: