Իրանի արտգործնախարարի կարծիքով` պատժամիջոցներն ԱՄՆ-ի համար մոլուցք են

Միացյալ Նահանգներում Իրանի դեմ պատժամիջոցների գաղափարով այնքան են տարվել, որ անգամ կիրակի օրերերին հանգիստ չեն նստում: Հանրապետական մի խումբ սենատորների ստորագրությամբ նամակներ են ուղարկվել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներ` նախազգուշացնելով հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից խույս տալու իրենց մտադրությունից: Լուրը հաղորդել է t-online.de պորտալը:

Իսկ ահա Իրանի արտգործնախարարը պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի այդ գործելակեպն անվանել է մոլուցք: Ըստ նրա` Միացյալ Նահանգները մոլուցք ունի պատժամիջոցներ կիրառելու մյուս երկրների նկատմամբ, որոնց թվում է նաև Իրանը, և դա վտանգավոր միտում է: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքերը փոխանցել է «Մեհր» գործակալությունը:

- Ընթացիկ իրավիճակն այնպիսին է, որ եվրոպական երկրները պետք է պաշտպանեն կա՛մ իրենց շահերը, կա՛մ ԱՄՆ նախագահ Թրամփի շահերը: Այդ պայմանները մեզ հատուկ հնարավորություն են ընձեռում, և մենք պետք է դա օգտագործենք,- ասել է նա:

Զարիֆն այնուհետև հավելել է, թե Միացյալ Նահանգները մեկուսացված է և իր նպատակներին հասնելու համար հարկադրված է քաղաքական ճնշում գործադրել: Ըստ Իրանի արտգործնախարարի` ԱՄՆ պատժամիջոցներն օրինականության ուժը կորցրել են:

- Այդ երկրիը ուրիշ պետություններին հարկադրում է գործել ՄԱԿ-ի ԱԽ N2231 բանաձևի դեմ,- նշել է նա:

Այնուհետև նախարարը միջազգային ասպարեզում ԱՄՆ այժմյան միտումները բնութագրել է որպես վտանգավոր` նշելով, թե Ամերիկայի ձեռնարկած միջոցների դեմ մյուս երկրների դիմադրությունը կախված է նրանից, թե նրանք «ինչպես կկարողանան հնարավորություններն օգտագործելու միջոցներ գտնել»:

Թե այդ գործում ինչպես կպահեն իրենց հատկապես եվրոպական երկրները` դեռևս կերևա: Այս պահին, կարելի ասել, միջազգային ասպարեզի ամենահամարձակ «խաղացողը» Էրդողանն է: Նա անվարան հայտարարել է, թե Թուրքիան Իրանի նավթը գնելուց չի հրաժարվի միայն նրա համար, որ ԱՄՆ-ը դրան դեմ է: Երևում է` վերջին ընտրությունների շնորհիվ «սուլթանական գահին»  վերահաստատվելուց հետո, նա որոշել է իր «կողմնորոշման վեկտորը» շեղել ԱՄՆ-ից: Նա արդեն ԲՐԻԿՍ-ի երկրներին կոչ է ուղղել` այդ կազմում ընդգրկել նաև Թուրքիան: