Itexit չի նախատեսվում

1993թ. նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտավ Մաաստրիխի պայմանագիրը, և Եվրոպայի երկրներն սկսեցին միավորվել` մինչև որ Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն մեկնակետ նշեց  նաև եվրաբաժանման համար: Եվրոպան առանց Մեծ Բրիտանիայի պատկերացնելը դժվար է, բայց երևի առավել դժվար է երևակայել, թե դրա մասը չէ նաև Իտալիան: (Խոսքը, իհարկե, աշխարհագրության մասին չէ):

Մեծ Բրիտանիայի օրինակով Իտալիայում էլ են հասունանում Եվրամիությունից դուրս գալու գաղափարներ, սակայն երկրի նոր կառավարությունը, ինչպես երևում է, նման տրմադրություններին տուրք տալու մտադրություն չունի:

Թեման շոշափել է Իտալիայի փոխվարչապետ Դի Մայոն: Նա «Կորյերե դելլա սերա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է կառավարող կոալիցիայի ձևավորման համաձայնագիրը սահմանում երկրի կառավարության որոշումները:

Նախ և առաջ, ըստ փոխվարչապետի, Եվրագոտում Իտալիայի հետագա առկայության վերաբերյալ հանրաքվե նախատեսված չէ:

- Այժմյան կառավարությունն այդ գաղափարը կյանքում չի իրագործելու,-ընդգծել է Դի Մայոն:

Իտալիայի կառավարող կոալիցիան կազմված է «Հինգ աստղ» շարժումից ու «Լիգա» աջ կուսակցությունից, և Եվրամիությունից դուրս գալը նրանց քաղաքական ծրագրերի մեջ չի մտնում: Չի բացավում, որ Իտալիայում կառավարող ուժին այդպես կտրականապես հետ է պահում այն «գլխացավանքը», որը Բրյուսելը պատճառում է Թերեզա Մեյի կառավարությանը՝ Brexit-ի համար թելադրելով պայմաններ, որոնք ձեռնտու չեն հեռացող երկրին: Իսկ Itexit-ը, երևում է, առայժմ հետաձգվում է: Թեև եթե Եվրամիության գործելակերպում դեպի դրականն էական փոփոխություններ չլինեն, երևի մի օր էլ կարձանագրվի, թե Մաաստրիխի պայմանագիրն ուժը կորցրած է ճանաչվում:

Եվրամիության փլուզումը դժվար թե օրեցօր դեպի անդունդ գլորովող մեր աշխարհն առավել լավը դարձնի: Ավելի օգտակար կլինի, եթե մարդկություն ուշքի գա և սկսի միջազգային հարաբերություններ կառուցել մերկապարանոց շահից զերծ գաղափարների հիմքով: