Մարիխուանան՝ «անհատի ազատ զարգացման իրավունք»

Վրաստանի սահմանադրական դատարանը բավարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության հայցը և որոշել է չեղյալ համարել մարիխուանա օգտագործողների նկատմամբ կիրառվող վարչական տույժերը: Հիմնավորումը հետևյալն է՝ մարիխուանայի օգտագործումը անհատի ազատ զարգացման իրավունքն է: Հիշեցնենք, որ այդ «իրավունքի» համար վերջերս Թբիլիսիում նույնիսկ բողոքի բազմամարդ ցույցեր եղան:
 
Մարիխուանայի նկատմամբ հանդուրժողականությունը մեր հարևան երկրի իշխնություններն ի ցույց էին դրել դեռևս անցած տարվա դեկտեեմբերին, երբ Վրաստանի սահմանադրական դատարանը բավարարել էր մարիխուանայի կրկնակի օգտագործման համար քրեական պատասխանատվությունը վերացնելու մասին հայցը, այսինքն՝ ապաքրեականացրել էր: 
 
Այժմ դատարանի նոր որոշման համաձայն՝ մարիխուանայի օգտագործումը քրեական հանցանք չի համարվում և չի ներառվում Վրաստանի ՔՕ 273 հոդվածի մեջ, այն է. «Առանց բժշկի նշանակման անձնական օգտագործման նպատակով թմրամիջոցների, դրանց համարժեքների  կամ բաղադրիչների անօրինական կերպով պատրաստումը, ձեռք բերումը, պահպանումը»:
 
Դատարանի հայտարարությունն ազդարարում է. 
 
- Սահմանադրական դատարանը նշել է, որ մարիխուանայի օգտագործումը անձի ազատ զարգացման իրավունքն է… Դատարանի կարծիքով՝ մարիխուանայի անհատական կիրառումը շատ թույլ դեր ունի դրա շրջանառության վրա ազդեցություն ունենալու գործում:
 
Սրանով մարիխուանան Վրաստանի Քրեական օրենսգրքից լիովին չի «վտարվել»: Դեռևս կան դեպքեր, երբ դրա պատճառով պատիժներ են սահմանվում, քանի որ մարիխուանայի անօրինական ձեռքբերումն ու պահպանումը մնում են պատժելի: Մասնավորապես, եթե իրավապահը հայտնաբերի մինչև 5 գ չորացած մարիխուանա կամ 10 գ՝ թարմ վիճակում, տուգանքը կկազմի ավելի քան 200 դոլար, իսկ մեծ քանակությունների դեպքում քրեական գործ կհարուցվի:
 
Հնարավոր է՝ Վրաստանում սա ընկալում են որպես մի մեծ քայլ դեպի Եվրոպա, դեպի ժողովրդավարություն, դեպի ՆԱՏՕ (որի անդամ դառնալու ցանկալի և երկար սպասված հրավերն արդեն ստացել են): Բայց կրակի հետ խաղալը բոլոր դեպքերում շատ վտանգավոր է, իսկ նման որոշումները կարող են հրդեհի հսկայական օջախներ բացել ամենաանսպասելի տեղերում: Եվ դա մի կրակ է, որը, ցավոք, կարող է նաև Հայաստան հասնել: