Լոբբինգի առևտուրը՝ Ադրբեջանի միջազգային քաղաքականության անբաժանելի բաղադրիչ

Ադրբեջանի կաշառատու գործունեությունը և  դրան տոն տվող եվրոպացի ագահ պաշտոնյաները դարձյալ հայտնվել են «Գարդիանի» էջերում: «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության Մեծ Բրիտանիայի մասնաճյուղը բացահայտվել է, որ բրիտանացի պատգամավորների այցերը Ադրբեջան ֆինանսավորելու համար հարյուրհազարավոր դոլարներ են ծախսվել:
 
Կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ 2007-2017թթ. Ադրբեջան այցելելու նպատակով պատգամավորների թռիչքներն և կեցության ծախսերը ֆինանսավորելու համար 430 000 դոլարից ավելի է հատկացվել: 12 պատգամավորի էլ ավելի քան 110 000 դոլար է վճարվել, որպեսզի հանդես գան ռուսական պետական հեռուստաալիքներով: 
 
Միջազգային կառույցի բրիտանական մասնաճյուղի հետազոտության շրջանակում են ընդգրկվել երկրի խորհրդարանի այն անդամները, ովքեր ընդունել են կոռումպացված և բռնաճնշումների քաղաքականություն վարող պետությունների իշխանությունների հյուրասիրությունը և դրա դիմաց նրանց օգտին քարոզչություն իրականացրել: Զեկույցը փաստում է՝ շատ պատգամավորներ նման երկրներ են այցելել, իսկ դրա համար լիովին վճարել են նրանց իշխանությունները: Շեշտվում է, որ այդ պատգամավորները գործուն կերպով աջակցել են կոռումպացված և բռնաճնշումներ իրակացնող իշխանություններին, և նման գործելակերպն անպատժելի է մնացել, քանի որ այդպիսի «մշակույթ» է ձևավորվել:
 
«Թրանսփարանսի ինթերնեյշնլ»-ի զեկույցում մտահոգություն կա, որ բրիտանացի խորհրդարանականների այդօրինակ անպատշաճ վարքագիծն սկսում է համակարգային բնույթ ձեռք բերել, ինչն էլ վնասում է ժողովրդավարության և օրենքի ջահակրի Բրիտանիայի համբավը: Ու կոչ է անում՝ հետաքննել այն խորհրդարանականների վարքը, ովքեր իրենց գործունեությամբ օրինականացնում են կոռումպացված ու բռնաճնշումների դիմող իշխանություններին: Ապաև խորհուրդ է տվել սահմանափակել օտար երկրների լոբբինգով զբաղվող խորհրդարանականների ուղևորությունները և արգելել կամավոր կամ վճարովի ծառայություններ մատուցել օտար երկրներին: 
 
Լոբբինգ իրականացնելը, որը հատուկ է եվրոպական ու ամերիկյան խորհրդարաններին, կարելի է ասել, իսկական գյուտ է արդեն գրեթե երեսուն տարի արևմտյան քաղաքական դաշտը կաշառատվությամբ ու քծնանքով աղտոտող Ադրբեջանի համար: Արևմուտքը չկարողացավ Արեբեջանին «դարձի բերել» ու իր քարոզած ժողովրդավարության կամ մյուս արժեքների դաշտ տեղափոխել, բայց Ադրբեջանն ավելի ուժեղ էր և մեծագույն հաջողությամբ նավթադոլարներով գնում է ծախու քաղաքական գործիչներին:
 
Բայց ինչպես ասում են՝ մախաթը պարկում չես թաքցնի, և «Թրանսփարանսի ինթերնեյշնլ»-ի զեկույցը դրա վկայությունն է: