Ասադը Սիրիայի բանակը համարում է արիության, հայրենասիրության և անձնազոհության դպրոց

Երբ Սիրիայում պատերազմ սկսվեց, և զինավառ ու դաժան ահաբեկիչները բնակավայր բնակավայրի հետևից էին զավթում՝ քչերն էին հավատում, թե Բաշար Ասադի իշխանությունը կկարողանա երկիրը փրկել: Երեկ, երբ Ասադի խոսքերով ասած՝ անվտանգությունն ու կայունությունը վերականգնվել են Սիրիայի շրջանների մեծ մասում, համարյա ութ տարի ահաբեկիչների դեմ թեժ պատերազմ մղող պետության բանակը տոնել է իր ստեղծման 73-րդ տարեդարձը:
 
Տոնի առթիվ Սիրիայի քաղաքներում զանգվածային միջոցառումներ են իրականացվել՝ ի պաշտպանություն ազգային բանակի: Մասնակիցները հիշել են ընկած հերոսներին և նրանց շիրիմներին ծաղիկներ են դրել, հասարակության ներկայացուցիչները այցելել են պատերազմի հաշմանդամների ընտանիքերին և նրանց տները տոնական հյուրասիրություն տարել (հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը): Տոնի առթիվ նախագահ Ասադի ուղերձը հրապարակել է «Ջեյշ աշ Շահաբ» ռազմական հանդեսը: 
 
Ասադը հայտարարել է, թե հավատում է, որ Սիրիայի սպաներն ու զինվորները կկարողանան ահաբեկիչներրի հանցախմբերի դեմ վերջնական հաղթանակ տանել:
 
- Հայրենիքի պաշտպանների շնորհիվ Սիրիան վերածվել է անառիկ ամրոցի, որին չկարողացան տիրել ահաբեկիչների հորդաները, որոնք աջակցություն էին ստանում արտասահմանից: Յութուկես տարի շարունակ սիրիացի զինծառայողները հաղթանակ հաղթանակի հետևից են տարել՝ անվտանգությունն ու կայունությունունը հետ բերելով երկրի շրջանների մեծ մասում՝ սկսած Հոմսից, Պալմիրայից մինչև Դեր-Զոր և Արևելյան Ղութա,- նշել է  նախագահը: 
 
Առջևում դեռևս ճակատամարտեր ունեցող բանակը, ըստ Ասադի, ամբողջ աշխարհին ապացուցել է, որ «արիության, հայրենասիրության և անձնազոհության դպրոց է»:
 
- Ահաբեկչության դեմ վերջնական պայքարի պահը մոտենում է: Սիրիացի մարտիկները կջախջախեն հանցախմբերի մնացորդները և հարազատ հողի ամեն մի թիզն այդ աղտեղությունից մաքրելու գործում իրենց վճռականությունը կհաստատեն,- վստահություն է հայտնել Սիրիայի նախագահը: 
 
Ով ինչ էլ ասելու լինի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հենց Սիրիայի բանակն իրական հաղթանակ տարավ, մինչդեռ շատերն այդ տարածաշրջանում փորձում էին ինչքան հնարավոր է շատ ջրեր պղտորել և ստեղծված քաոսի պայմաններում ամենամեծ «ձկները որսալ»: Թվում է՝ Սիրիայի բանակի տոնը միայն այդ երկրին է վերաբերում, բայցև դժվար է չընդունել, որ դրա տոկունությունն ու հետագա հաջողություններն աշխարհի շահերից են բխում՝ բացառելով կամ գոնե թուլացնելով նոր «Իսլամական պետությունների» տարածման հնարավորությունները: