ԵՀ-ն փորձում է նպաստել ներգաղթի ճգնաժամի հաղթահարմանը

Աֆրիկացի անօրինական ներգաղթյալները հիմնականում Եվրոպա են գալիս Միջերկրական ծովով, իսկ դրա համար հարմար ափեր են Մարոկոյի և Թունիսի ծովեզրերը: Լաստերով կամ անհարմար նավակներով ծովը կտրելով՝ նրանք հաճախ հասնում են Իսպանիայի ափերին: Բնականաբար, դա մեծ խնդիրներ է առաջացնում Իսպանիայի կառավարության համար, ուստի զարմանալի չէ, որ հուլիսի 26-ին այդ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը նամակով դիմել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ խնդրելով Իսպանիային ավելի մեծ աջակցություն ցուցաբերել, քանի որ Մարոկկոյից անօրինական ներգաղթյալների թիվը գնալով մեծանում է:
 
Այսպես, եթե  ամբողջ 2017թ. ընթացքում ծովով Իսպանիա է ժամանել 22,1 հազար ներգաղթյալ, ապա այս տարվա միայն առաջին կեսի հաշվարկով այդ թիվն արդեն 2000-ով ավելի է: Ծովում զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 300 մարդ:
 
Օգոստոսի 1-ին Իսպանիայի վարչապետին նամակ է հասցեագրել ԵՀ նախագահը՝ հաղորդելով, որ ներգաղթի ճգնաժամ լուծման համար Եվրահանձնաժողովը 55 մլն եվրո է առանձնացրել: 
 
- Սա չի նշանակում, թե այլևս դրամ չկա: Նա հայտարարել է 55 մլն եվրո հատկացնելու մասին, որն արդեն կար նպատակային հիմնադրամում: Նա խոստովանել է, որ պահանջը մեծ է և հույս է հայտնել, թե հնարավոր է ավելի շատ միջոցներ գտնել,- Մադրիդում լրագրողներին ասել է Իսպանիայի արտգործնախարար Ժոզեֆ Բորելը:
 
Ինչպես երևում է Յունկերի թուիթերյան գրառումից, այդ միջոցների մեծ մասը տրամադրվելու է Թունիսից և Մարոկոյից տեղի ունեցող ներգաղթի խնդիրները լուծելու համար: Դեռևս հուլիսի սկզբին նպատակային հիմնադրամի գործադիր կոմիտեն որոշել էր սահմանային վերահսկողության համար առաջին հերթին դրամ հատկացնել Թունիսին ու Մարոկոյին: Դրանից բացի, Յունկերի ուղերձում հիշատակվում է, որ Մարոկոն եվրոպական բյուջեից արդեն 100 մլն եվրո ստացել է:
 
- Եվրամիությունն Իսպանիային ու Մարոկկոյին արդեն ծանրակշիռ օգնություն է ցուցաբերում և պատրաստ է այն մեծացնել,- նշված է Յունկերի նամակում: 
 
Ակնհայտ է, որ նման գումարներով հնարավոր չէ անօրինական ներգաղթի դեմն առնել: Որովհետև խնդիրը ոչ միայն սահմանային վերասկողությունն ավելացելն է, այլև այն, որ մարդիկ հարկադրված չլինեն ամբողջ ընտանիքով «խարխուլ նավակով հանձնվել ծովին» ու անորոշ ապագա փնտրել օտար ափերում: Այս վերջին հանգամանքը միջազգային կառույցները հաշվի առնում են, թե ոչ՝ դժվար է ասել (համենայնդեպս Իսպանիայի արտգործնախարարը նշել է, թե հատկացված գումարների կեսն ուղղվելու է՝ մեղմելու Մարոկոյում առկա իրավիճակը): Ու նաև դժվար է ասել՝ վերը նշված նպատակներին հատկացված գումարները գոնե մեկ հարց կլուծե՞ն, թե՞ կգնան տաքացնելու դրան առնչվող մեծուփոքր պաշտոնյաների գրպանները: