Միջուկային զինաթափման շարժումը պարտավոր է գլխավորել Ճապոնիան

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, թե աշխարհի միջուկային զինաթափման շարժումը պարտավոր է գլխավորել Ճապոնիան: Այդ մասին նա խոսել է օգոստոսի 6-ին ելույթ ունենալով Հիրոսիմայի ռմբակոծության 73-րդ տարելիցիցն նվիրված հիշատակի արարողության ժամանակ, Խաղաղության այգում:
 
- Որպես միակ երկիրը, որն ապրել է ատոմային ռմբակոծության սարսափը, մենք պարտավոր ենք գլխավորել հանուն միջուկային զինաթափման շարժումը և որոշակի գործողություններ ձեռնարկել՝ առանց միջուկային զենքի խաղաղության հասնելու համար,- ընդգծել է Աբեն:
 
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Ճապոնիան պետք է միջնորդ դառնա միջուկային զենք ունեցող և դրանից զուրկ պետությունների միջև, ապա հաստատել է, որ իր երկիրրը հավատարիմ է մնում երեք ոչմիջուկային սկզբունքներին, այն է՝ սեփական տարածքում միջուկային զենք չունենալ,  չարտադրել և չտեղադրել: 
Սակայն Աբեի այս ելույթի նախօրեին Հյուսիսային Կորեայից մեղադրանքներ են հչել, թե Ճապոնիան մտադիր է միջուկային զենք ստեղծել: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հրապարակել է մի զեկույց, որտեղ պնդում կա, որ Ճապոնիան ի վիճակի է ամենաբարձր մակարդակով միջուկային զենք ստեղծել  և նպատակասլաց կերպով դրան է ձգտում: Եվ դա՝ հակառակ նրան, որ ստորագրել է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման պայմանագրի տակ: Իսկ Միացյալ Նահանգները, ըստ հյուսիսկորեական գործակալության, Ճապոնիայի այդ ձգտմանը չի խոչընդոտում:  
 
Ելնելով նրանից, որ վերը նշված իր ելույթում Ճապոնիայի վարչապետը հատուկ նշել է, որ իրենք մտադիր չեն փոխել դիրքորոշումը և այսուհետև ևս հավանություն չեն տալու միջուկային զենքի արգելման վերաբերյալ ՄԱԿ-ի հուշագրին՝ կարելի է մտածել, որ Հյուսիսային Կորեայի կասկածներն անհիմն չեն: Բայց եթե այդպես է, ուրեմն «միակ երկիրը, որն ապրել է ատոմային ռմբակոծության սարսափը» կե՞ղծ հայտարարություն է տարածում, թե աշխարհի միջուկային զինաթափման շարժումը պարտավոր է գլխավորել Ճապոնիան: 
 
Այն, ինչ ապրեց Ճապոնիան 73 տարի առաջ, որը և մարդկությանը ցույց տվեց ատոմային զենքի ամբողջ սարսափը, պետք է որ բոլորին սթափեցներ: Ցավոք, անցած տարիները այդ տեսանկյունից միայն մեկ «առաջընթաց» են ապահովել՝ մոլորակը բերնեբերան լցրել են այդ ահարկու զենքի պահեստներով՝ դրանք տեղաբաշխելով թշնամաբար տրամադրված պետությունների զինանոցներում: