ԱՄՆ-ը Թուրքիայի հուսալի գործընկերն ու դաշնակիցն է

ԱԶԴԱՐԱՐՈՒՄ Է «ԹՈՒԻԹԵՐԻ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱՌՈՒՄԸ

Վաշինգտոնն Անկարայում իր դեսպանատան միջոցով շտապել է սիրաշահել Թուրքիային: Դեսպանատան «Թուիթրի» պաշտոնական էջը օգոստոսի 7-ին հաղորդագրություն է տարածել, որտեղ հավաստիացնում է, որ Վաշինգտոնը մնում է Թուրքիայի հուսալի գործընկերն ու դաշնակիցը՝ որքան էլ երկու երկրների հարաբերություններն այս պահին լարված են:
 
Իսկ հարաբերությունների հերթական լարման պատճառը Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին առնչվող դեպքերն են: Դրանց պատճառով Վաշինգտոնը հայտարարել է Թուրքիայի երկու նախարարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, իսկ թուրքական լիրան կտրուկ անկում է գրանցել: 
 
- Չնայած ընթացիկ հիմնախնդիրերին՝ ԱՄՆ-ը շարունակում է Թուրքիայի համար մնալ հուսալի գործընկեր և դաշնակից: Մեր երկրներն ունեն աշխուժորեն զարգացող տնտեսական փոխհարաբերություններ,- շեշտվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ: 
 
Թուիթերյան հայտարարությունը նաև հերքում է թուրքական որոշ ԶԼՄ-ների տեղեկությունն այն մասին, թե ամերիկացի մի պաշտոնյա կանխագուշակել է թուրքական լիրայի հետագա թուլացում ամերիկյան դոլարի համեմատ: 
 
- Ծայրաստիճանի ցավալի է հետևել թուրքական որոշ ԶԼՄ-ներում այն հրապարակումների տարածմանը, որոնք պնդում են, թե իբր ամերիկացի պաշտոնյան կանխագուշակել է, որ ամերիկյան մեկ դոլարի գինը հասնելու է թուքական 7 լիրայի: Տվյալ տեղեկությունն ամբողջովին մոգոնած է և ոչ մի բանով չհիմնավորված սուտ է,- ազդարարում է հայտարարությունը:
 
Նույն օրը, երբ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը հրապարակել է իր հայտարարությունը, ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկումը հասել է պատմության մեջ նվազագույնին՝ մեկ դոլարի դիմաց՝ 5,26 լիրայի (հաղորդում է ՏԱՍՍ-ը): Թուրքիային սիրաշահելով՝ Միացյալ Նահանգների իշխանությունները նույն օրը նախագահ Թրամփի բերանով աշխարհով մեկ հայտարարել են՝ ոչ մեկը չի կարող գործարար կապեր ունենալ միաժամանակ և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ: 
 
Այս երկու փաստերը համադրելով՝ կարելի է եզրակացնել, որ Միացյալ Նահանգները սուլթանության վերածվող մեր հարևան պետությանը որոշակիորեն ընտրության առաջ է կանգնեցրել՝ գործարար հարաբերություններ պահպանել կա՛մ Իրանի հետ, կա՛մ իր հետ: Անշուշտ, Վաշինգտոնում չեն մոռացել Անկարայից հնչած հանդուգն հայտարարությունը, թե Իրանից նավթ գնելու համար իրենք ԱՄՆ-ի արգելքը հաշվի չեն առնելու:
 
Օգոստոսի 6-ին ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, թե Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումից հետո դեռևս հարկ է հետևել, թե իրադարձություններն ինչ ընթացք կունենան: Իսկ Միացյալ Նահանգները, երևում է, այդ իրադարձությունների ընթացքն ուզում է ղեկավարել՝ մի ձեռքին մահակ, մյուս ձեռքին կոնֆետ պահած, որպեսզի դեպի իր նպատակակետը շարժվելու ճանապարհին հարկ եղած դեպքում կա՛մ հարվածի, կա՛մ սիրաշահի: