Պաղեստինի առաջնորդի հույսը միջազգային հանրությունն է

Գազայի հատվածում դարձյալ անհանգիստ է, և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հույսը դրել է միջազգային հանրության վրա: Նա միջազգային հանրությանը կոչ է արել շտապ միջամտել Գազայի իրադարձություններին, քանի որ անհանդուրժելի են նոր ավերածություններն ու անկայուն իրավիճակի մեջ ամբողջ տարածաշրջանի ներքաշումը:
 
Աբասի կոչը հաջորդել է օգոստոսի 9-ին Իսրայելի զինվորականության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Քոնրիկուսի հաղորդած տեղեկություններին, որոնք նա հայտնել է արտասահմանցի լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ: Ըստ այդմ՝ չորեքշաբթի երեկոյից Իսրայելի բանակը Գազայի հատվածում գրոհել է ավելի քան 140 բացառապես ռազմական նպատակներ հետապնդող գրոհայինների վրա՝ ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: Նրա խոսքով՝ վերջին 12 ժամում Գազայի հատվածից պաղեստինցի արմատականներն Իսրայելի վրա են արձակել 150 հրթիռ ու արկ, որոնցից 25-ը իրենք որսացել են Հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգերով: 
 
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը այժմ աշխուժացրել է միջազգային շփումները բոլոր մակարդակներում, որպեսզի գտնվի Գազայի հատվածում տիրող իրավիճակի անհապաղ կարդավորման հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է WAFA գործակալությունը: Տեղեկացվում է, որ Պաղեստինի առաջնորդը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջամտել Գազայի իրադարձություններին՝ կանխելու համար հակամարտության հետագա սաստկացումը, նոր ավերածությունները և տարածաշրջանի ներքաշումն անկայուն իրավիճակի մեջ: 
 
Մահմուդ Աբասն օգնության կոչով դիմել է մի «ատյանի», որը սովորաբար կոչերից և անուժ բանաձևեր հրապարակելուց բացի այլ բան չի անում, Իսրայելի «թանին» էլ դժվար թե «թթու ասի»: Իսկ տասնամյակներով ձգվող պաղեստինա-իսրայելական հակամարտությունը իրոք որ կարգավորման կարիք ունի: ՄԱԿ-ը օգոստոսի 9-ին հայտարարել էր, թե Սիրիայում արդեն շրջափակված տարածքներ չեն մնացել: Բայց Սիրիայում վերականգնվող խաղաղությունը հիմա էլ սաստիկ հարվածի տակ է Գազայի հատվածում, և տարածաշրջանը շարունակում է ցնցվել ու ալեկոծվել: