Էրդողանը Սիրիայում նոր գործողություններ է ծրագրում

Օգոստոսի 12-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հարակից շրջաններում նոր գործողություններ իրականացնելու մտադրության մասին: Անկասկած` դարձյալ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով: Էդողանի խոսքով` իրենք Սիրիայում նոր ռազմական գործողությունների նախապատրաստության վերջին փուլում են:

- Մենք Սիրիայի շրջանների միացման նախապատրաստության վերջին փուլում ենք, շրջաններ, որտեղ կայությունուն ենք ապահովել «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների միջոցով: Աստծո օգնությամբ մենք մոտ ապագայում կազատագրենք նոր տարածքներ, որպեսզի  այնտեղ անվտանգություն ապահովենք: Մեր երկրից իրենց բնակավայրեր վերադարձածների թիվը գերազանցում է չորս միլիոնը,- Էրդողանի խոսքերն է մեջբերել «Anadolu» գործականությունը:

Թուրքիան 2016թ. օգստոսից մինչև 2017թ. մարտը Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» անվամբ մարտական գործողություններ իրականացնելով (ինչպես հայտարարել էր` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ) և որպես օգնական ունենալով սիրիական ընդդիմության գրոհայիններին` գրավել էր Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքը, ինչպես նաև Էլ-Բաբը: Այս տարվա հունվարի 20-ից մինչև մարտ տևած «Ձիթենու ճյուղ»-ի մարտական գործողություններն էլ ուղղված էին քրդական խմբավորումների դեմ, և Թուրքական զինուժին օգնում էին «Սիրիայի ազատ բանակի» գրահայինները:

Այս գործողություն ավարտվեց սիրիական Արֆինի գրավումով, և լրատվամիջոցները նյութեր էին տարածում, թե թուրքական ուժերն ինչպես են բնակավայրը թուրքավարի թալանում: Եվ Էրդողանը հիմա նոր գործողությունների մասին է հայտարարել:

Սիրիայի կառավարական ուժերը դեռևս զբաղված են երկիրը ահաբեկիչների մնացորդներից մաքրելով ու բնականոն կյանքը վերականգնելու փորձերով և երևի առաջվա պես չեն կարողանա Թուրքիային խանգարել: Իսկ Սիրիայի մերձավոր դաշնակից Ռուսաստանը, երևում է, նման հարցերում Թուրքիային ոչ միայն չի խանգարում, այլև խրախուսում է:

Այս ձեռագիրը մեզ շատ ծանոթ է` Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցը հայտարարելով` Ռուսաստանն ավելի շատ սիրաշահում է Ադրբեջանին: Այնպես որ, առաջիկայում թուրք-սիրիական հարակից շրջաններում նորից մարտական գործողություններ կլինեն: Չէ՞ որ այդ ամենը կատարվում է շատ հարմար անվան տակ` պայքար ահաբեկիչների դեմ: Ու ոչինչ, եթե «պայքարողն» ինքը ահաբեկչից ոչնչով չի տարբերվում: