Սիրիայում և Իրաքում դեռևս 20-30 հազար ԻՊ գրոհային է գործում

2014թ. ամռանը զավթելով Իրաքի տարածի մի մասը՝ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքով հանդերձ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հռչակեց, թե Մոսուլն այսուհետև «խալիֆաթի» մայրաքաղաքն է: Միջազգային կոալիցիայի օժանդակությամբ Իրաքի կառավարական ուժերը մեծածավալ արշավով ազատագրում էին զավթած շրջանները, և 2017թ. դեկտեմբերին վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարեց, թե ԻՊ-ն վերջնական պարտություն է կրել: Միայն թե հետագայում նա քանիցս կրկնել է, որ ահաբեկչության վտանգն առաջվա նման պահպանվում է:
 
«Խալիֆաթի» զավթած տարածքների մի մասն էլ Սիրիայից էին պոկվել, իսկ այնտեղ պատերազմը դեռևս շարունակվում է: Իսկ թե որքան ահաբեկիչ է այժմ կռվում ԻՊ շարքերում, նշված է ՄԱԿ-ի զեկույցում:
 
Այդ զեկույցից օգոստոսի 14-ին տվյալներ է հրապարակել Al-Hayat թերթը: Այսպիսով, ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում և Իրաքում գործում է 20-30 հազար ահաբեկիչ, որոնց թվում այլ պետությունների քաղաքացիներ ևս կան: 
 
- ԻՊ-ն դեռևս Սիրիայի տարածքում հարձակումներ իրականացնելու ուժ ունի: Նրանք Իրաքի որևէ շրջան ամբողջովին չեն վերահսկում, սակայն շարունակում են գործել «քնած» բջիջների միջոցով, որոնք թաքնվում են անապատում կամ այլ շրջաններում,- զեկույցից մեջբերում է թերթը: 
 
Նաև նշվում է, որ Լիբիայում աշխուժորեն գործում է 4000 գրոհային, այն դեպքում, երբ ահաբեկիչների մեծ մասը Հյուսիսային Աֆրիկայի այս երկրից ապաստան են գտել Աֆղանստանում: Հաշվետվության մեջ հաստատվում է, որ արտասահմանցի գրոհայինների հոսքը դադարել է և ֆինանսավորման աղբյուրներն սկսել են սպառվել:
Մինչ այդ ԶԼՄ-ները, հղում անելով Իրաքի հետախուզությանը, հաղորդել էին խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի կլինիկական մահվան մասին: Ըստ այդ տվյալների՝ ահաբեկիչը ծանր վիրավորվել է, երբ Իրաքի ռազմաօդային ուժերն այս տարվա հունիսին հարվածել են Սիրիայում գտնվող նրանց հրամանատարական կենտրանակայանին: Այդ պահից նա կորցրել է ահաբեկչական խմբավորումը կառավարելու ունակությունը: 
 
Ահաբեկիչները, թերևս, իրենց պետից զրկվել են, սակայն մահ ու ավեր տարածելու տենչը դեռ պահպանում են: Մարդկությունը չի կարող հանգիստ գտնել, քանի դեռ այդ 20-30 հազարը զենքը ձեռքին կռվում են ու բջիջների միջոցով իրենց գործունեության մեջ ներգրավում նորանոր ահաբեկիչների՝ նրանց  խաբելով իրական ու մտացածին մեծամեծ խոստումներով և «անհավատների» դեմ հաղթանակների հեռանկարով: