Հեռախո՞ս, թե սոցցանցերում «մոլորելու» հարմարանք

Հոգեբանները վաղուց են զգուշացնում, որ սմարթֆոններով չափից դուրս տարվելու հետևանքով որոշ օգտատերեր կարող են կախվածության ախտանշաններ դրսևորել, իսկ այդ լսասարքերից հրաժարվելը նույնիսկ կարող է առաջ բերել արգելքի համախտանիշ, մի բան, որը հատուկ է հարբեցողներին, ծխողներին ու թմրամոլներին:

Բայց ինչպես երևում է` մարդկությունը ինքնապաշտպանության բնազդը դեռևս լիովին չի կարցրել, որովհետև վերջին վիճակագրության համաձայն` համացանց մուտք չունեցող հասարակ հեռախոսների վաճառքը մեկ տարում 5%-ով ավելացել է:

Այս մասին «Սքայ նյուզ» հեռուստաալիքի կիրակնօրյա թողարկումը հատուկ հաղորդում է ներկայացրել, որտեղ նշվում է, որ սմարթֆոնների վաճառքը նույնպես մեծացել է, սական ընդամենը 2%-ով:

Փորձագետները հետարքրքության նման անկման պատճառներից մեկն են համարում օգտատերերի հոգնածությունը սոցցանցերից:

- Փորձելով իրենց ապահովագրել սոցցանցերի շուրջօրյա հասանելիությունից` «հեռախոսային հեռախոսների» գնորդները դարձյալ ժողովրդականացնում են հնացած տեխնոլոգիաները,- պնդել է հեռուստաալիքը:

Հասարակ հեռախոս գնողներն իրենց ընտրությունը բացատրել են կախվածությունից ազատվելու ցանկությամբ, գանգատվել են, թե սմարթֆոններից օգտվելով` սոցցանցերում չափազանց շատ ժամանակ են անցկացնում: Շատերն էլ խոստովանել են, որ չափից դուրս շատ են կապվել իրենց սարքերին:

Ներկայացված վիճակագրության համաձայն` Մեծ Բրիտանիայի չափահաս բնակչության շուրջ 20%-ը համացանցում շաբաթական ավելի քան 40 ժամ է անցկացնում: Նկատենք, որ դա աշխատանքային մի ամբողջ ծանրաբեռնված շաբաթի է հավասար: Հետազոտության մասնակիցներից շատերն ունեցել են այն գիտակցությունը, որ իրենք կախման մեջ են սմարթֆոններից ու պլանշետներից:

Հեռուստաալիքի վեր հանած փաստերը հաստատվում են այլ տեղեկությամբ ևս: Վերջերս հաղորդվել էր, որ «Սամսունգ» ձեռնարկատիրությունը կարող է դադարեցնել բջջային հեռախոսներ արտադրող գործարանի գործունեությունը: Որպես պատճառ` նշվել է սմարթֆոնների վաճառքի նվազումը:

Հօգուտ կախվածությունից հրաժարվելու` սմարթֆոնները արխիվ ուղարկելը, իհարկե, դրական է: Միայն թե շատ հնարավոր է, որ դրա պատճառը, ավելի շուտ, հեռախոսին զուգահեռ նաև պլանշետ կամ համարժեք այլ սարք ունենալն է, որն էլ մեծացնում է «հեռախոսային հեռախոսների» (հաղորդման հեղինակների բնորոշումն է հասարակ հեռախոսներին) պահանջարկը` որպես սոսկ զանգ ստանալու և ուղարկելու միջոցի: