ՄԱԳԱՏԷ-ն ԿԺԴՀ-ում միջուկազերծման նշաններ չի տեսել

Ելնելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի զեկույցից՝ Փհենյանն իր միջուկային ծարգրերին վերջնականապես հրաժեշտ չի տվել: Այդ զեկույցից քաղվածքներ է հրապարակել «Ֆրանս պրես» գործակալութկյունը, որտեղ Յուկիա Ամանոն մտահոգություն է հայտնում, թե ԿԺԴՀ-ն միջուկային ոլորտում շարունակում է իր փորձարկումները՝ չնայած երկրի բարձրագույն ղեկավարության խոստումներին:
 
- ԿԺԴՀ միջուկային ծրագրի շարունակությունն ու զարգացումը լուրջ անհանգստություն է հարուցում,-Ամանոյի խոսքերն է մեջբերում գործակալությունը: 
 
Զեկույցում նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ Հյուսիսային Կորեայում «ռադիոքիմիական փորձարանի» աշխույժ գործունեություն է ամրագրվել նաև «ապրիլի վերջին-մայիսի սկզբին» Փհանմունջոմում տեղի ունեցած միջկորեական վեհաժողովից հետո: (Սահմանային այդ անցակետում երկու Կորեաների նախագահները հանդիպել են ապրիլի 27-ին):  
 
ՄԱԳԱՏԷ-ն նաև համարում է, որ Յոնբենի փորձարարական ռեակտորը շարունակում է 2015թ. դեկտեմբերին սկսված գործառնական պարբերաշրջանը, նաև՝ որ Փհենյանը շարունակում է աշխատանքները թե՛ թեթևջրային ռեակտոր ստեղծելու, թե՛ Փհենսանում ուրանի հանույթի ու հարստացման գծով: 
 
Ուշագրավ է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի վերաբերյալ զեկույցներում դրական եզրակացություներ է տվել, սակայն դա չխանգարեց, որ Միացյալ Նահանգները գործարքից դուրս գա ու պատժամիջոցները վերականգնի: Հյուսիսային Կորեայի դեպքում գործարքը կարծես թե երկու-երկուսուկես կողմ ունի (այդ կեսի դերն էլ կարելի է Հարավային Կորեային վերագրել): Այս դեպքում Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի հետ առանձին է գործարք կնքել, սակայն  դա էլ չի խանգարում, որ նրա դեմ նույնպես իր պատժամիջոցներ քաղաքականությունը շարունակի՝ անկախ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի բովանդակությունից: 
 
Դժվար է երևակայել, թե ԱՄՆ-ը Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության այս զեկույցը կանտեսի: Այդ դեպքում ի՞նչ է սպասում Փհենյանին, մի՞թե պատերազմ: Քանի որ եղած դաժան պատժամիջոցներից այն կողմ ուրիշ բան չի նշմարվում….