ԲԱՅՑ ԼՍՈ՞ՂՆ ՈՎ Է

Հռոմի պապը զգուշացնում է

Երկրի վրա տեղի ունեցող վերջին գործընթացները անտարբեր չեն թողել նաև Հռոմի պապին: Նա ասել է, թե աշխարհում տիրող բռնության պատասխանը չի կարող բռնությունը լինել, քանի որ դրա միակ արդյունքը նոր տառապանքներն ու ստիպողական արտագաղթն են լինում ու նաև վատագույնը՝ մարդկային զոհերը:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապ մեղք է համարել կործանարար ուժով հայտնվել պատերազմների թատերաբեմերում, բռնությունների ու դաժանությունների բովում` անտեսելով թույլերին և նշել է, որ բոլոր աղետների համար վճարողները հենց այդ անպաշտպաններն են լինում:

- Անցյալ դարի վրա ավերիչ կնիք դրեցին երկու կործանարար պատերազմները, մարդկությունը տեսավ միջուկային պատերազմի սպառնալիքը և հսկայական թվով այլ հակամարտություններ: Իսկ այսօր մենք ձեռնամարտի մեջ ենք մտել սարսափելի պատերազմների հետ, որոնք տեղի են ունենում աշխարհի տարբեր կետերում,-«La Repubblica» պարբերականին տված հարցազրույցում նշել է Ֆրանցիսկոս պապը:

Նա նաև դատապարտել է զենք փոխադրողներին, որոնց վաստակն առաջանում է մարդկային արյան հաշվին:

Հովվապետի այս արձագանքն ավելի ուշագրավ է դառնում ապրիլի 13-ին տարածված այն տեղեկատվության համապատկերին, թե ԱՄՆ Զինուժը մտադրվել է սուպերզենք ստեղծել, որը կարող է օգտագործել կինետիկ էներգիայի ուժը` զգալիորեն մեծացնելով քիմիական պայթուցիկների ազդեցությունը: Հաղորդվում է, որ ըստ նախագծի՝ նոր զենքը կինետիկ էներգիայով աշխատող թնդանոթ է լինելու, որն առանձնանալու է վոլֆրամի վրա հիմնված մարտագլխիկով: Այն կարող է մեկնարկի պահին երեք անգամ գերազանցել ձայնի արագությունը և պայթելով՝ խոցել գրեթե ցանկացած տեսակի զնեք ու զրահ:

Իրեն աշխարհի լիիրավ տեր զգալու համար, երևում է` ԱՄՆ-ը ոչ մի բանի առջև կանգ չի առնելու` միայն թե թելադրողն ինքը լինի: Գիտության ու տեխնիկայի մակարդակն ինչի հնարավորություն ասես, որ չի տալիս, և մարդկանց արդեն չի էլ զարմացնի, եթե այս կամ այն գյուտը մի օր մարդու ձեռքը տա Ռոբերտ Շեքլիի նկարագրած այն ամենազենքը, որով մարսյան քաղաքակրթությունից լոկ զինապահեստն էր փրկվել:

Մի գյուտ միայն արդի մարդկության համար անհասանելի է մնում, և դա իշխանատենչների ու անկշտումների ախորժակը զսպելու գործուն միջոցներ գտնելն է: Սա երևի Իսահակյանի ասած ոգու սովն է, երբ մարդիկ «քաղցում են լիք սեղանների քով»: Միայն հոգևոր սնունդը կարող է իրավիճակը շտկել, բայց այդ հոգևոր սնունդն է, որ այսօր ամենադժվարն է հայթայթվում:

Ով, եթե ոչ հայերս ենք Հռոմի պապի այս ակնարկը հասկանում ու գնահատում: Չլիներին «զենք փոխադրողներն» ու մարդկանց արյամբ վաստակողները, մեր հարևան Ադրբեջանի ձեռքին այսքան զենք չէր հայտնվի: Իսկ եթե չլիներ այդ զենքը, նրա հոխորտանքը վաղուց լռած կլիներ: Եթե չլիներին զենքի վաճառքը ազնիվ բիզնես համարող վայ-քաղաքագետները, աշխարհն այսօր պակաս կտառապեր: