ԶԼՄ-ները «ժողովրդի թշնամի՞» են, թե՞ «ժողովրդավարության կարևոր բաղադրիչ»

Մեր օրերում լրատվամիջոցներն այնքան են բազմացել և մարդկանց ուղեղների վրա այնպիսի միջոցներով են գրոհում, որ նրանց դերն անտեսել ուղղակի հնարավոր չէ: Ու արդեն խնդիրը դրանց դերի դրական թե բացասական լինելն է:
 
Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուր հերթականությամբ իշխանության է գալիս ընդամենը երկու քաղաքական ուժ, իրենց երկրի ԶԼՄ-ների վերաբերյալ երկու հակադիր գնահատական են արտահայտել՝ «ժողովրդի թշնամի» և «ժողովրդավարության կարևոր բաղադրիչ»: Առաջինը պաշտպանում է այսօր Սպիտակ տանն իշխող Հանրապետական կուսակցության կեսից ավելին, իսկ երկրորդը՝ այժմ որպես ընդդիմություն հանդես եկող դեմոկրատների ավելի քան 90%-ը:  
 
Նախագահ Դոնալդ Թրամփն ինքը բազմիցս տարբեր լրատվական ընկերությունների մեղադրել է, թե «կեղծ լուրերի» մատակարարներ են՝ առանձնացնելով հատկապես CNN-ը և բոլորին կոչել է «ժողովրդի թշնամի»: 
 
Վերը նշված արդյուները գրանցվել են Quinnipiac Univerity-ի հարցումներում: Այդ հարցումներն են պարզել, որ Թրամփի հետ համամիտ է հանրապատականների մեծամասնությունը (51%), ովքեր զանգվածային լրատվամիջոցները համարում են «ժողովրդի թշնամի», այլ ոչ թե «ժողովրդավարության կարևոր բաղադրիչ»:
 
Նաև պարզվել է, որ ընդհանրապես ամերիկացիների 65%-ը
լրատվամիջոցները ժողովրդավարության համար կարևոր է համարում, և միայն 26%-ն է կարծում, թե դրանք ժողովրդին վնասում են: Միայն թե բազմակարծության ջատագով գերտերություն Միացյալ Նահանգներում ԶԼՄ-ների 90%-ը պատկանում է ընդամենը վեց ընկերության (ինչպես նշում է ZeroHedge պարբերականը): Պարբերականն ընդգծում է՝ «մասնավոր հատվածի» ընկերությունները «շարքային մարդկանց» շահերը չեն պաշտպանում: Դա վերաբերում է լրատվական միավորումներին, որոնք «մասնավոր ձեռնարկություններ» են: Իսկ դրանք, պարզ բան է, պաշտպանում, քարոզում ու ձևավորում են նրանց շահերը, ումից ֆինանսավորվում են: Եվ ուրեմն ժողովրդավարության հետ գրեթե առնչություն չունեն: