Առևտրային պատերազմի ԱՄՆ-Չինաստան ճակատում

Առևտրային պատերազմի Միացյալ Նահանգներ-Չինաստան ճակատը նոր փուլ է թևակոխել. օգոստոսի 23-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների վրա 25%-անոց մաքսատուրքեր սահմանելու որոշումը: Վաշինգտոնի նոր մաքսատուրքերի մասին նույն օրը առևտրային բանակցություններում հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչ  Ռոբերտ Լայթհաուզերը:
 
Նշվում է, որ նոր ցանկի մեջ ներառվել է 16 մլրդ դոլարի 300 անուն ապրանք: Սա սակագների երկրորդ փաթեթն է: Առաջին փաթեթը ներառում է 34 մլրդ դոլարի չինական ապրանք և ուժի մեջ է մտել հուլիսի 6-ից: 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, թե նման միջոցառումները ԱՄՆ-ի ապրանքային շուկայում կնվազեցնեն ապրանքների սղությունը: Իբր, դրա հետ մեկտեղ իրենք Չինաստանին կզրկեն ամերիկյան մտավոր սեփականությունը և աշխատակարգերը յուրացնելու հնարավորությունից: 
Ինչպես հաղորդել է «Ռոսիա-24» ալիքը, Պեկինը խոստացել է այս անգամ նույնպես պատասխան քայլեր ձեռնարկել:
 
Ցանկացած պատերազմ վարվում է հակառակորդին կորուստներ պատճառելու և նրա վրա իշխանություն ձեռք բերելու մտադրությամբ՝ աչքի առաջ ունենալով սեփական վնասները: Առևտրային կոչվող այս «պատերազմում», որը կարծես «համաշխարհային» կոչվելու հավակնություն ունի, վնասը լինելու է ամենատարբեր ապրանքների թանկացումն ու սղությունը, որն էլ հանգեցնելու է բազմաթիվ մարդկանց զրկանքների ու տառապանքների: Գուցե նաև «նպաստի» աշխարհի բնակչության աճի կրճատմանը, որը ասում են, աշխարհն այսօր կառավարող ուժերի նպատակն է: Իսկ դա նշանակում է, որ այն պետք է պատերազմ անվանել առանց վերապահման: