Դեմոկրատներն ուզում են առավել թափանցիկ դարձնել ԱՄՆ նախագահի ընտրությունները

Այնպիսի գործընթաց է ընտրությունները ,հատկապես նախագահական ու խորհրդարանական, որն ինչքան էլ կատարելագործես, դարձյալ թերություններ են ի հայտ գալիս, և ժամանակ առ ժամանակ շտկումների անհրաժեշտություն է ծագում:

Ահավասիկ, Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցությանը չի գոհացնում պետության նախագահի առաջադրման կարգը, և նրանք այն փոխել են: Նոր փոփոխությամբ նվազեցվել է այսպես կոչված գերպատգամավորների դերը նախնական ընտրության առաջին փուլում:

«Գերպատգամավորներն» այն քաղաքական գործիչներն են, ովքեր նախկինում բարձր պաշտոններ են զբաղեցրել և աչքի ընկել հատուկ ծառայություններով: Նմաններին ընտրում են կուսակցական առաջնորդները: Այս «պատգամավորաց պատգամավորները», ի տարբերություն սովորական պատգամավորների, իրավունք ունեին քվեարկել դեմոկրատների ցանկացած թեկնածուի օգտին, այլ ոչ թե նրա, ով որոշակի նահանգում ամենաշատ ձայներն է հավաքել: Նոր կարգի համաձայն` այս արտոնյալ գործիչներն արդեն զրկվում են ընտրությունների նախնական փուլում իրենց ուզած թեկնածուի օգտին քվեարկելու հնարավորությունից:

Նորամուծության նպատակը ընտրությունների թափանցիկությունը բարձրացնելն է և քաղաքականության նորեկների հնարավորությունները մեծացնելը (հաղորդում է «Ռոսիա-24»):

2016թ., երբ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների էին պատրաստվում, Հանրապետական կուսակցության թեկնածուի հնարավորությունները շատ փոքր էին թվում: Շատերը համոզված էին, որ ավանդույթը կխախտվի, և դեմոկրատ Օբամային կփոխարինի նույնպես դեոկրատ նախագահ: Միայն թե ԱՄՆ-ը նախագահ ընտրեց հենց հանրապետական Դոնալդ Թրամփին, այլ ոչ թե դեմոկրատ Հիլարի Քլինթոնին:

Հայտարարված նպատակը` ճանապարհ տալ ջահելներին և առավել թափանցիկ դարձնել ընտրությունները, գուցե մտացածին չէ, սակայն ավելի հնարավոր է, որ դեմոկրատները փորձում են նոր ձախողման դեմն այս կերպ առնել` նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առջև փակելով իրենց մարդկանց հովանավորելու ճանապարհը: Չմոռանանք, որ Հիլարի Քլինթոնի ամուսինը ԱՄՆ նախագահ է եղել: