Ահաբեկիչները մտադիր են Իդլիբում քիմիական զենք կիրառել

ՄԱԿ-ՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստը նվիրված է եղել Սիրիայում տիրող իրավիճակին: Միջազգային կառույցում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին այնտեղ ներկայացրել է փաստաթղթավորված տեղեկատվություն, որն ապացուցում է, որ ահաբեկիչները մտադիր են Իդլիբում քիմիական զենք կիրառել:
 
Փաստաթղթերում կա տեղեկատվություն, որ «Ջեբատ ան-Նուսրա» խմբավորումը և այլ ահաբեկիչներ խոսում են այն մասին, որ իրենք պատրաստ են քիմիական զենք գործադրել: Իսկ նպատակը մեկն է՝ ամեն ինչի մեղքը բարդել Դամասկոսի վրա: 
 
- Ես ձեզ փաստաթղթավորված տեղեկատվություն եմ ներկայացնում: «Ան-Նուսրա» խմբավորումը և մի շարք այլ ահաբեկիչներ խոսում են, որ պատրաստ են Իդլիբում քիմիական զենք կիրառել քաղաքացիական անձանց դեմ, որպեսզի հետո մեղադրեն սիրիական իշխանություններին և արդարացնեն ռազմական հարձակումներն այն պետությունների, որոնք հովանավորում են ահաբեկչությունը,- ասել է սիրիացի դիվանագետը: 
 
Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 22-ին, քիմիական զենքի հարցը մեջտեղ էր եկել ՄԱԿ-ում մեկ այլ պետության մշտական ներկայացուցչությունում: «Ավանգարդն» արդեն տեղեկացրել է, որ այդ օրը Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչությունը Դամասկոսին զգուշացրել էր, որ եթե Իդլիբում նախապատրաստվող ռազմական գործողությունների ժամանակ Սիրիայի կառավարական զորքերը քիմիական զենք կիրառեն՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ուժի կդիմեն: Սրան էլ Սիրիայի արտգործնախարարությունը պատասխանել էր, թե նշված երկրները «նորից Դամասկոսի դեմ հարձակողական զրպարտչական արշավի են դիմել այն ժամանակ, երբ սիրիական բանակը հաղթանակներ է տանում»:
 
Մեր դարում, ասում են, առաջին տեղում տեղեկատվական պատերազմներն են: Ակնհայտ է, որ այս դեպքում կողմերից մեկը ստում է և սադրանքների դիմում: Իսկ տուժողը լինելու են դարձյալ Սիրիայի քաղաքացիները, որոնք 7 տարի շարունակվող այս պատերազմում ճաշակեցին ամենայն դառնություն ու տառապանք: Բայց դեռևս չի երևում այն «ստի դեդեկտորը», որը երևան կհանի իսկական ստախոսին ու կգամի անարգանքի սյունին: Իսկ քանի դեռ դա չի կատարվել, մեր մոլորակի վրա ահաբեկչությունը ծաղկելու է, պատերազմներն էլ անընդհատ սադրվելու են: