Ծուղակ Կատալոնիայի համա՞ր, թե նախկին կարգավիճակի ամրագրում

Կատալոնիայի անկախության հանրաքվեից 11 ամիս անց Իսպանիայի վարչապետը հայտարարել է, թե հարկավոր է այնտեղ ինքնակառավարման հանրաքվե անցկացնել: 2017թ. հոկտեմբերի 1-ի հանրաքվեն, ինչպես հայտնի է, Իսպանիայի կենտրոնականի իշխանությունները չէին արտոնել, և երբ հոկտեմբերի 27-ին խորհրդարանը Կատալոնիան հանրապետություն հռչակեց,  հաջորդ օրն իսկ իսպանական  կառավարությունն այնտեղ ուղիղ կառավարում մտցրեց, իշխանությունից հեռացրեց կառավարման մարմինների ներկայացուցիչներին և արձակեց խորհրդարանը: 
 
Կատալոնիան Իսպանիայի կազմում ինքնավար կարգավիճակ է ստացել 2006թ., սակայն 2010թ. Սահմանադրական դատարանն այն մասնակիորեն փոփոխել է: Այժմ վարչապետ Պոեդրո Սանչեսի կարծիքվ դա նշանակում է, որ Կատալոնիան Իսպանիայում «միակ տարածքն է», որը կարգավիճակ ունի՝ առանց քաղաքացիների քվեարկության:
 
- Դա պետք է լինի ինքնակառավարումն ամրագրելու վերաբերյալ հանրաքվե, այլ ոչ թե ինքնորոշման վերաբերյալ,- Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետը: 
 
Իսկ ահա Կատալոնիայի ինքնավար հանրության նոր կառավարությունը, որն այժմ գլխավորում է Կիմ Տորրոն, շարունակում է պնդել, թե իրենց վերջնական նպատակը Կատալոնիայի ինքնորոշումն է և հանրապետություն հռչակելը: 
Ինչ էլ լինի՝ այնտեղ արդեն անկախության հանրաքվե եղել է, և բնակիչներն արտահայտել են իենց կամքը՝ դառնալ Իսպանիայից առանձին պետություն:
 
Իսպանիայի կառավարության ղեկավարի առաջարկը ենթադրում է ինքնավարության ավելի ցածր կարգավիճակ: Արդյոք սա ծուղակ չէ՞ անկախության ձգտող կատալոնացիների համար: Որովհետև եթե նրանք այս նոր հանրաքվեին մասնակցեն, դա կարող է լիովին արժեզրկել անկախության հանրաքվեն: