Մեծ Բրիտանիան իր տարածքային ջրերը պաշտպանել չի կարողանա

ԱՆՎԵՐՋ ՍՐՎՈՂ «ԾՈՎԱԽԵՑԳԵՏՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Մի քանի հարյուր տարի առաջ բրիտանական նավատորմն այնքան ուժեղ էր, որ փորձում էր վերահսկել ամբողջ մոլորակի ջրային տարածքները: «Չար լեզուներն» ասում են, որ Անգլիայի իշխանությունները նույնիսկ ծովահեններին էին ամեն ինչով ապահովում և մահապատժից ազատում, որպեսզի ծովերում հանգիստ թալանեին հատկապես առևտրական նավերն ու պետության գանձարանը լցնեին թալանված ապրանքով: «Ձեռքի հետ» էլ թուլացնեին իրենց մրցակիցներին:
 
Ասում են՝ հենց այդ կերպ է համաշխարհային օվկիանոսում վերջ տրվել հայկական առևտրանավերի գերիշխանությանը, որոնք մոլորակով մեկ ապրանքներ են տեղափոխել ու կապ ապահովել: Ու մանավանդ՝ այդ «գործում» գլխավոր դեր է ունեցել նավապետ Քիդը, որի անունն այսօր կրում է Երևանի մանկական զվարճանքի կենտրոններից մեկը: Եվ բրիտանական նավատարմի խղճուկ վիճակը, եթե լորդ Վեստի մտահոգությունն իրոք ճիշտ է, այժմ նույնպիսի զավեշտ է, ինչպես հայակործան գործունեություն ծավալած  Քիդի անունով մանկական կենտրոն ունենալը Երևանում: Սա՝ որպես մտորելու առիթ կենտրոնի տերերի համար, իսկ մենք անդրադառնանք մերօրյա իրականությանը:
 
ԵՄ կազմից դուրս գալը, փաստորեն, Մեծ Բրիտանիային կկանգնեցնի ևս մեկ դժվարության առաջ. նա չի կարողանա ինչպես հարկն է վերահսկել իր տարածքային ջրերը, քանի որ բավականաչափ թվով նավեր չունի: Այս տեսանկյունից վիճակը այժմ էլ բարենպաստ չէ: Համենայնդեպս նման կարծիք է հայտնել Թագավորական ռազմածովային ուժերի կենտրոնակայանի նախկին պետ լորդ Ալան Վեստը, իսկ նրա խոսքերը փոխանցել է Telegraph թերթը: Առիթը եղել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև սրված «ծովախեցգետնի հակամարտությունը»: 
 
Օգոստոսի վերջին Նորմանդիայի ափերին ֆրանսիացի ձկնորսները 40 փոքր մոտորանավակներով գրոհել են բրիտանական 5 ձկնորսանավերի վրա, որի պատճառով Շոտլանդիայից մեկ նավ վնասվածքներ է ստացել: Ֆրանսիացիները դժգոհ են, որ այդ վայրերում բրիտանացիները ծովախեցգետնի են որսում. 
 
- Ծովախեցգետնի պատճառով ֆրանսիացիների հետ ունեցած այս դժվարություններն ընդգծում են մի շատ կարևոր հարց: Միանգամայն ակնառու է, որ մենք չունենք բավականաչափ թվով նավեր, որպեսզի պարեկություն անեն Միացյալ Թագավորության տարածքային ծովերում և մեր բացառիկ տնտեսական գոտիներում: Խզված է համակարգումն այն քչի, որը մենք ունենք,- Վեստի նամակի տեքստն է մեջբերում պարբերականը: 
Նրա կարծիքով՝ ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո իրավիճակը կդառնա «աղետալի»: 
 
«Ծովախեցգետնի հակամարտությունը» երկու երկրների միջև ծագել է 15 տարի առաջ՝ այդ տարածքում ծովախեցգետնի որսի կարգից ֆրանսիացի ձկնորսների դժգոհության պատճառով: Բրիտանացի ձկնորսներն իրավունք ունեն Նորմանդիայի ափերին ծովախեցգետին որսալ կլոր տարին, իսկ ֆրանսիացիները՝ միայն հոկտեմբերի 1-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Վերջին հինգ տարում լարվածությունը թուլացել էր սոսկ նրա շնորհիվ, որ Բրիտանիան համաձայնել էր սահմանափակել իր ձկնորսական նավերի քանակն ու չափսերը՝  փոխարենը ընդլայնելով որսին առնչվող իր որոշակի իրավունքները: