Հրեաների Նոր տարին շնորհավորել է նաև Իրանի արտգործնախարարը

Որ Իրանն ու Իրսրայելն արդի փուլում ոխերիմ թշնամիներ են` դժվար է ժխտել: Այդ պատճառով էլ անակնկալ է իմանալ, որ հրեաների նոր տարվա առթիվ Իրանի արտգործնախարարը բարեմաղթանքներ է հղել թե՛ Իրանում ապրող, թե՛ մնացած ամբողջ աշխարհի հրեաներին: Բնականաբար` նաև Իսրայելում ապրողներին:

Հրեաներն աշխարհի ստեղծման 5779-րդ տարին (փաստորեն հրեաների աշխարհն այսքան երիտասարդ է) սկսել են նշել կիրակի երեկոյից, և դա տևելու է մինչև երեքշաբթի արևածագ: Ռոշ Հաշանայից հետո սկսվում է կրոնական պահքի և տոների հերթագայությունը:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նոր տարվա առթիվ իր շնորհավորանքը, ինչպես ընդունված է մեր օրերում, գրել է «Թուիթերի» իր էջում:

- Այժմ, երբ արևը ճանապարհ է տալիս լուսնին, ես իմ բոլոր հրեա հայրենակիցներին և ամբողջ աշխարհի հրեաներին մաղթում եմ երջանիկ Նոր տարի` հագեցած խաղաղությամբ ու հարմոնիայով: Երջանիկ Ռոշ Հաշանա:

Ահա և Զարիֆի գրառման պատճենը.
 

« Javad Zarif
✔@JZarif
As the sun gives way to the moon, I wish all my Jewish compatriots and Jews worldwide a very Happy New Year filled with peace and harmony. Happy Rosh Hashanah.
سال نو یهودی مبارک.»:

Անկասկած` երկու պետությունների միջև թշնամությունը շարունակվելու է, համենայնդեպս՝ տեսանելի ապագայում հաշտության որևէ եզր չի նշմարվում: Սակայն նման քաղաքական գրառումները կարծես նոր դռներ են բացում: Ճիշտ է, Զարիֆի գրառման մեջ Իսրայելի մասին ակնարկ չկա, սակայն այդ հանգամանքը քիչ բան է փոխում: «Թուիթերն» այսօր դարձել է քաղաքական մի գործիք, որը վայրկենապես տարածում է քաղաքական գործիչների լավուվատ մտքերն ու մտադրությունները և միջազգային հարաբերությունները դնում ավելի արագընթաց ուղեգծի վրա: