Ֆրանսիան իր ռազմական արբանյակներն է թարմացնում

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է ռազմական արբանյակները նորացնելու համար 3,6 մլրդ եվրո ծախսել: Այդ մասին CNews հեռուստաալիքի կիրակնօրյա եթերում խոսել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Փարլին:

- Մենք 3,6 մլրդ եվրոյի չափով ներդրումներ ենք նախատեսում պաշտպանական արբանյակների հզորությունը թարմացնելու համար: Այդ միջոցները ծրագրված են ռազմական նախագծերի օրենքով` հաշվարկված մինչև 2025թ.: Դա հնարավորություն կտա  առավել արդյունավտ դարձնել արբանյակների աշխատանքը և մեծացնել Ֆրանսիայի անվտանգությունը,- ասել է Փարլին:

Նախարարն ընդգծել է, որ այդ ծրագրով մասնավորապես նախատեսվում է արբանյակները սարքավորել ադիական տեսախցիկներով, որոնք, օրինակ, հնարավորություն կտան նույնացնել նրան մոտեցող առարկաները: Այստեղ նա անդրադարձել է ֆրանս-իտալական Athena-Fidus արբանյակի հետ կապված միջադեպին,  որին, նրա պնդմամբ, «չափազանց մոտ է անցել» ռուսական «Լուչ-Օլիմպ» արբանյակը: Նախարարուհին ճշտել է, որ միջադեպն ամիսներ առաջ է եղել, և այնտեղից որևէ նշանակալի տեղեկատվություն չի հափշտակվել:

Անցած շաբաթ Թուլուզում տեղի ունեցած մի համաժողավում նա ասել էր, թե դա կարելի է համարել «լրտեսական գործողությունը»: Արդեն հետուստաեթերում Փարլին ասել է, թե նման գործողությունները «կարող են վնաս հասցնել սովորական օգտատերերին, քանի որ տիեզերական կապի միջոցով երկրի վրա տեղայնացում է իրականացվում»:

- Տիեզերքը կարող է հակամարտության վայր դառնալ, սակայն մեր նպատակն այն չէ, որ կռվենք, այն չէ, որ տիեզերքը փոխակերպենք մարտադաշտի: Մեր նպատակն այն է, որ մեզ պաշտպանենք,- ընդգծել է Փարլին:

Բայց որքան էլ Ֆրանսիայի զինուժի պատասխանատուն հայտարարի, թե տիեզերքը մարտադաշտի վերածելու մտադրություն չկա, ոչ ոք չի կարող ժխտել, որ նման գործելակերպը հենց դրան է մղում: Աշխարհում հարյուրավոր պետություններ կան, որոնցից որոշները կարողանում են մոլորակը դարձնել արբանյակների ստվերում գոյատևող դիտման առարկա: Նրանցից շատերն իրար դեմ բացահայտ կամ սքողված թշնամությամբ են համակված, բոլորն առանց բացառության մրցակցում են, և ուրեմն յուրաքանչյուրն էլ կարող է պատճառ բերել, թե այս կամ այն զենքը կամ ռազմական նշանակության հնարավորությունը ձեռք է բերում պաշտպանության նպատակով: Իսկ քանի զենքը կա, ժամանակի հետ մեծանում է նաև դրա կիրառման հավանականությունը:

Ամեն ինչից բացի, Ֆրանսիայում այսօր ժողովրդագրական այնպիսի՜ տեղաշարժեր են ընթանում: Ով կարող է երաշխավորել, որ նրա հզոր ռազմական ներուժը վաղը չի հայտնվելու այնտեղ իշխանության եկած ահաբեկիչների ձեռքին: Էլ չասած, որ 3,6 մլրդ եվրոն երևի աշխարհի շատ պետությունների մի ամբողջ տարվա բյուջեն է: