ԵՄ պատժամիջոցների պատճառով Հունգարիան ներգաղթի իր քաղաքականությունը չի փոխի

Որքան էլ Եվրամիությունը Հունգարիայի դեմ պատժամիջոցներ սահմանի, այդ երկիրը ներգաղթի իր քաղաքականությունը չի փոխելու: Այդ մասին սեպտեմբերի 17-ին Մոսկվայում լրագրողներին ասել է արտգործնախարար Պետեր Սայյարտոն: Ըստ նրա՝ Հունգարիան կշարունակի ներգաղթի իր քաղաքականությունը՝ հակառակ Բուդապեշտի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրամիության փորձերին:
 
- Դա Հունգարիայի դեմ չափազանց քաղաքականացված որոշում էր՝ հիմնված նրա վրա, որ Հունգարիան դեմ է արտահայտվում ներգաղթյալներին տեղաբաշխելու պարտադիր քվոտային: Մենք կշարունակենք ներգաղթի մեր քաղաքականությունը՝ նկատի ունենալով, որ ոչ մի անօրինական ներգաղթյալ Հունգարիայում չի հայտնվի: Մենք այդ քաղաքականությունից չենք հրաժարվի,- նշել է նախարարը: 
 
Հունգարիայի արտաքին քաղաքականության պատասխանատուն հիշեցրել է, որ Չեխիան ու Լեհաստանը այդ պատժամիջոցներին կողմնակից չեն: 
«Ավանգարդն» արդեն տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 12-ին հավանություն էր տվել Հունգարիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ընթցակարգին:
 
Ուշագրավ է, որ գնահատելով տեղի ունեցածը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, թե Եվրամիության ներսում ծագել է «սուր դիմադրություն ազգայնամոլների և առաջադիմականների միջև» և առաջինների թվին է դասել Հունգարիայի իշխանություններին:
 
Միայն թե երևում է՝ Ֆրանսիայի նախագահն իրեն հաշիվ չի տալիս, որ Եվրոպան ներգաղթյալներով լցվում է նաև իր արտաքին նվաճողական քաղաքականության պատճառով: Հենց միայն Սիրիայի հարցում նրա և իր գործընկերների անզիջում դիրքորոշումը մի գործոն է, որը դեպի Եվրոպա է ուղղելու փախստականների ու աշխատանք փնտրողների նորանոր խմբեր: