ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ

Թուրքիան նորից սուլթանություն է դառնում

Ասում են՝ Էրդողանը ժողովրդավարությունը համեմատել է տրոլեյբուսի հետ՝ մի կանգառում, նստում ես, մեկ ուրիշում իջնում: Երևում է՝ Էրդողանի տրոլեյբուսն արդեն հասել է «Սուլթան» կանգառին, և նա ժողովրդավարության դիմակը հանել է: Այստեղ զարմանալի ոչինչ չկա, զարմանալին այն է, որ նրա այդ դիմակին հավատացողներն կային, ովքեր չէին ուզում հաշվի առնել, որ ամեն ինչ վերջիվերջո վերադառնում է իր նախնական վիճակին, և եթե կա Թուրքիա, ապա միայն՝ որպես բռնապետություն…  

 

Անցած կիրակին Թուրքիայի համար ընտրական էր: Ըստ էության՝ հանրաքվեով որոշվեց, թե կառավարման ինչ կարգ է գործելու մի պետությունում, որի տերը համարվող էթնոսը հազար տարուց էլ պակաս է, ինչ հայտնվել է մեր տարածաշրջանում: Սա խորհրդարանական հանրապետությունից նախագահական համակարգի անցում կատարելու հանրաքվե էր: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ՀՀ-ում անցկացված ընտրություններն էլ ճիշտ հակառակը՝ կիսանախագահական համակարգից անցումն էր խորհրդարանականի: 

Լրատվամիջոցներն արդեն հաղորդել են, որ ձայների 98 տոկոսի հաշվարկի համաձայն՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել Թուրքիայի բնակչության 51,3 տոկոսը, դեմ՝ 48,5 տոկոսը: 81 նահանգներից դեմ են քվեարկել 48-ը, մեծ մասամբ՝ քրդաբնակ: Սահմանադրական բարեփոխումների հաշվեկշիռը, փոքր թվով, բայց  բացասական է եղել Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում: Մեկ այլ ուշագրավ տեղեկություն էլ է  տարածվել՝ պարզվել է, որ եվրոպական երկրներում բնակվող և ընտրության իրավունք ունեցող թուրքերը «այո»-ի օգտին են քվեարկել, իսկ մահմեդական երկրներում, այդ թվում նաև Ադրբեջանում բնակվեղները՝ «ոչ»-ի: Եթե նկատի ունենանք, որ այս հանրաքվեն Էրդողանին հնարավորություն է տալիս ևս 12 տարի կառավարել, ապա թվաբանությունը մի փոքր տարօրինակ է թվում: Միայն թե փաստը մնում է փաստ: 
 
Ճիշտ է՝ լուրեր են տարածվում, որ Թուրքիայի շատ քաղաքացիներ արդեն իսկ ձայների վերահաշվարկ են պահանջում, սակայն քիչ հավանական է, որ արդյունքները չեղյալ համարվեն: Քաղաքագետները կանխատեսում են, որ այս սահմանադրական բարեփոխում կոչվածը Թուրքիան բոլորովին կհեռացնի Եվրոպայից, կդարձնի իսկական բռնապետություն: Իսկ դրա բացասական հետևանքները կզգան թե՛ Թուրքիան ինքը, թե՛ աշխարհը. զգուշանալու հիմնավոր պատճառներ ունենք նաև մենք՝ հայերս: