ՈՉ ԹԵ 5.000, ԱՅԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 70 ՄԻԼԻՈՆ

Գիտությանը կարծրատիպեր պետք չեն

Պատկերացնել միայն կարելի է, թե այս լուրը ինչպիսի իրարանցում պետք է առաջացնի մասնագետների շրջանում: Ընդ որում՝ ոչ միայն բնագետների: Չէ՞ որ առանց այս գտածոյի էլ կինոաշխարհը հագեցած էր դինոզավրերի և վիշապների մասին գիտական ու մտացածին բազմաթիվ  սյուժեներով, որոնք, ի դեպ, մեծաքանակ լսարաններ են գրավում: Իսկ 70 մլն տարվա ընթացքում պահպանված էմբրիոնն արդեն հզոր զենք է բազմաթիվ կարծրատիպերի դեմ, որոնցից շատերը խեղաթյուրում են զանգվածների գիտակցությունն ու խանգարում իրենց բաժին հասած կյանքը ճիշտ ապրել: 
 
Շատ չի անցել այն ժամանակներից, երբ մարդկային քաղաքակրթության հնությունը չափվում էր 5000 տարով:  Այժմ արդեն ոչ մի գիտնական կասկածի տակ չի առնում, որ հայկական Պորտասարի համալիրը, որն աշխարհին հայտնի է թրքացված Գյոբեկլի թեփե անունով, 11,5 հազ. տարեկանից պակաս չէ, իսկ դա նշանակում է, որ այդպիսի արդյունքի հասնելու համար քաղաքակրթությունը պետք է երկար ճանապարհ անցած լիներ: 
 
21-րդ դարում երկրագնդի հողը կարծես մի տեսակ «մատնիչ» է դարձել, երես է հանում այնպիսի գաղտնիքներ, որոնք մինչ այժմ արմատավորված բազմաթիվ կարծրատիպեր ուղղակի ջարդուփշուր են անում: Նման մի «մատնություն» մի քանի տարի առաջ Արգենտինայում է ի հայտ եկել: Այս օրերին հայտնի է դարձել, որ հարավային Նեուկեն նահանգում մի հովիվ այն ժամանակ դինոզավրերի ձվեր է գտել, որոնց մեջ էմբրիոնի մնացորդներ են պահպանվել: Որոշվել է, որ դրանք 70 մլն տարեկան են (հայ ընթերցողին այս մասին «Նյուզ» կայքն է տեղեկացել): 
 
Գիտնականները պնդում են, որ դինոզավրերը երկրից վերացել են 65 մլն. տարի առաջ. ենթադրվում է՝ երկնային մարմնի բախման հետևանքով: Կարծիք կա, թե այն ժամանակ Երկիր մոլորակի մթնոլորտի կազմը այլ համամասնություն է ունեցել, օրինակ՝ թթվածինն ավելի մեծ քանակությամբ է առկա եղել, և դա դինոզավրերի նման հսկա արարածներին հնարավորություն է տվել գոյատևել: Իսկ երկնային մարմնի կործանարար բախումից հետո  ամեն ինչ փոխվել է, ինչն էլ մարդու գոյության համար է ճանապարհ բացել: Ու հիմա այսպիսի կարծիքները հաստատելու կամ ժխտելու հնարավորություն է ընձեռվում: