Իդլիբի ահաբեկիչներին անվտանգ միջանցք տրամադրելը վտանգավոր է

ԵԳԻՊՏՈՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ

Իդլիբից անվտանգ դուրս գալու համար ահաբեկիչներին միջանցք տրամադրելու խնդիրը խիստ մտահոգել է Եգիպտոսի իշխանություններին: Ինչպես սեպտեմբերի 23-ին հայտնել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը, գերատեսչության ղեկավար Սամեհ Շուքրին թեման արծարծել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի գծով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ նախարարի` սիրիական Իդլիբից ահաբեկիչների դուրս գալու համար անվտանգ միջանցք տրամադրելը վտանգավոր է:
 

- Հանդիպումը, որը սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի կուլիսներում, շոշափել է սիրիական ճգնաժամի վերջին իրադարձությունները և քաղաքական կարգավորման  ուղիները: Միստուրան Շուքրիին տեղեկացրել է ընթացիկ մարտահրավերների առնչությամբ ՄԱԿ-ի որոշումների մասին, մասնավորապես նրանց, որոնք վերաբերում են Սահմանադրական հանձնաժողովի կազմավորմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մակարդակներում իր վերջին շփումների արդյունքների ու Իդլիբի իրավիճակի գնահատականի մասին: Դրա առնչությամբ նախարարն զգուշացրել է ահաբեկիչներին որևէ տեսակի անվտանգ միջանցք տրամադրելու վտանգների մասին, որոնք նրանց հնարավորություն կտան թողնել Իդլիբը և ուղևորվել տարածաշրջանի այլ շրջաններ ու երկրներ: Նա նաև մատնացույց է արել այն կարևորությունը, որը Եգիպտոսը տալիս է քաղաքական կարգավորմանը, հատկապես Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի մեկնարկին,- Եգիպտոսի ԱԳՆ խոսնակի խոսքերն է փոխանցել ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ եգիպտական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթթահ-աս-Սիսին Գլխավոր վեհաժողովի իր ելույթում մտադիր է բարձրացնել ահաբեկչության դեմ «համապարփակ և վճռական» պայքարի, ինչպես նաև «դրան հովանավորող պետություններին պատժելու» հարցերը:

- Ահաբեկիչների դեմ մասնակի դիմադրությունը պտուղներ չի տալիս: Մենք տեսնում ենք, որ ահաբեկչական խմբավորումները ստանում են արդիական զենքեր, և դա վկայում է որոշ երկրներից օգնության և ֆինանսական սնուցման առկայության մասին: Դրա համար էլ միջազգային հանրությունը պետք է պայքարի նման երևույթները լիովին վերացնելու համար,- հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը:

Եվ իրոք, մինչև «միջազգային հանրությունը», «որոշ երկրներ»-ը և ընդհանրապես ամբողջ աշխարհը չմիավորվեն, որպեսզի ահաբեկչություն մերօրյա դրսևորումները արմատախիլ անեն, մեր մոլորակի ապագան որևէ երաշխիք չի ունենա: