Բելառուս-Ուկրաինա սահմանն ավելի շատ բելառուս սահմանապահներ կհսկեն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 24-ին խոսել է այն մասին, որ Ուկրաինայի հետ սահմանի ամրացումն անհրաժեշտություն է, և դա պետք է արվի սահմանապահների թվաքանակն ավելացնելու միջոցով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը՝ հաղորդելով նախագահի հետ իր և Պետական սահմանի հանձնաժողովի նախագահ Անատոլի Լապոյի հանդիպման արդյունքները:
 
- Մենք տեսնում ենք, թե այդտեղից Բելառուսի համար ինչքան աղետ է գալիս, այդ թվում՝ զենք է առաքվում: Մենք պետք է սահմանը փակենք: Բայց ոչ թե կարգին մարդկանց համար, այլ ավազակների, նրանց համար, ովքեր զենք են տեղափոխում,- Լուկաշենկոյի խոսքերը լրագրողներին է փոխանցել Ստանիսլավ Զասը: 
 
Որպես նման օրինակ՝ Լուկաշենկոն պատմել է մի մարդու ձերբակալության մասին, որի տրամադրության տակ խուզարկության ժամանակ եղել են գնդացիրներ, տասնյակներով ինքնաձիգներ, քսանի չափ հրացան և տասը հազար փամփուշտ: Լուկաշենկոյի կարծիքով՝ այդ բոլորը բերվել է արտասահմանից:
 
Խորհրդային ժամանակներոմ ռուս, բելառուս և ուկրաինացի ժողովուրդները համարյա թե մեկ ամբողջություն էին ընկալվում և թվում էր՝ իրարով են ապրում ու առաջ գնում: Բավական էր  ավազի վրա կառուցված հսկա կայսրությունը քանդվեր, որ այդ թվացյալ բարեկամությունը 2-3 տասնամյակում վերաճեր երդվյալ թշնամության Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև և սահմանների խստացման Բելառուսի ու Ուկրաինայի միջև: 
 
Ժողովուրդների բարեկամության դրույթը, որը կարծես թե դրված էր ԽՍՀՄ գոյության հիմքում, իհարկե, շատ մարդասիրական էր, սակայն այնքան էր շաղախված կեղծիքով, խարդախություններով, որոշ դեպքերում՝ ուղղակի հանցավոր լուծումներով (Հայաստանի ու Ադրբեջանի օրինակները բավական են՝ դա հաստատելու համար), որ ավելի լավ  ապագայի հույսեր ուղղակի չի թողնում: Իսկ ահավոր զինատեսակների և դաժան ահաբեկիչների մեր դարում ԽՍՀՄ-ից պոկված պետությունները որքան շրջահայեցություն, կառավարման հմտություն ու հայրենասիրություն պետք է ցուցաբերեն, որպեսզի կարողանան  հաղթահարել կործանման ներուժ ունեցող արդիական մարտահրավերները: Հատկություններ, որոնք մինչև այժմ գրեթե չեն դրսևորվել: