Բալկաններում սահմանների վերափոխումը հավասարազոր է Պանդորայի արկղ բացելուն

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում Բալկանյան բարդ տարածաշրջանի խնդիրներն է վեր հանել Հորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում նա նշել է, որ Բալկանյան տարածաշրջանում տարածքների փոխանակման և սահմանների վերափոխման գաղափարը հավասարազոր է Պանդորիայի արկղ բացելուն:
 
- Թեև Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությունն այդ երկու երկրներն իրենք պետք է կարգավորեն. մենք պետք է ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերենք այն հարցերում, որոնք վերաբերում են տարածաշրջանային հնարավոր հետևանքների հետ առնչություն ունեցղ առաջարկություններին, մասնավորապես այն գաղափարներին, որոնք վերաբերում են տարածքների փոխանակամանը: Հակառակ դեպքում մենք կարող ենք բացել տարածքային հնարավոր նոր նկրտումների Պանդորայի արկղը, որոնք կսադրեն անկայունությանն ու անվտանգությանն առնչվող նոր սպառնալիքներ,- նշել է Հորվաթիայի նախագահը: 
 
Գրաբար Կիտարովիչը հավանություն է տվել Եվրամիությանը Բալկանյան երկրների անդամակցությանը, միաժամանակ իր մտահոգություններն է հայտնել տարածաշրջանի որոշ միտումների առնչությամբ: Նրա խսքով՝ հոկտեմբերի 7-ին Բոսնիա և Հեցեգովինայում կայանալիք ընտրությունները կարող են սխալ արտացոլել այդ երկրի երեք ժողովուրդների՝ հորվաթների, բոսնիացիների և սերբերի կամարտահայտությունը, քանի որ ընտրական օրենսգրքում այդպես էլ փոփոխություններ չեն արվել: Իսկ որպես դրական օրինակ՝ տիկին նախագահը բերել է Սկոպյեի և Աթենքի պայմանավորվածությունը Մակեդոնիայի վերանվանման վերաբերյալ: 
 
Ինչ վերաբերում է սահմանների վերափոխման վերաբերյալ կարծիքին, կարելի է ասել՝ այն արդիական է ամբողջ աշխարհի համար: Մեր ժամանակներում որտեղ էլ փորձ է արվում շտկել 20-րդ դարում վերաձևված ու հարմարեցված, երկու արյունահեղ աշխարհամարտերի և բազմաթիվ այլ, հիմնականում անարդար գործընթացների բովում բաժան-բաժան արված սահմանները, նոր արյունահեղությունն ու անարադրությունները ուղղակի հորդում են: 
 
Օրինակներ կարելի է թերևս տասնյակներով բերել, միայն թե դրանք ոչ մի չափով ավելի իմաստուն չեն դարձնում այն միջազգային կառույցներին, որոնք ստեղծվել են նման խնդիրները մեղմելու և իբր թե արդար ու խաղաղ լուծում տալու նպատակով: Հորվաթիայի նախագահն իրոք կարևոր հարց է բարձրացրել, սակայն նաև չի կարելի անտեսել, որ    քանի դեռ «Պանդորայի արկղում» այդ սահմանները այդքան խճճված ու անտրամաբանական են գծված, դրանից եկող վտանգը երբեք չի վերանալու: