Ռազմարդյունաբերության շուկան ակտիվ պահելու համար

Պաշտոնական Բեռլինը պարզ դարձրեց, որ Գերմանիայի, Ֆրանսիայի, ՌԴ և Թուրքիայի գագաթնաժողովը, նվիրված սիրիական Իդլիբի իրավիճակին, կկայանա հոկտեմբերին:
Գագաթնաժողովի այս լրատվությունը ինքնին նախանշում է, որ սիրիական հակամարտության գլխավոր հանգույց Իդլիբի ճակատագրի որոշումը Թեհրան-Մոսկվա առանցքից տեղափոխվում է միջազգային հարթություն` նկատի ունենալով, որ այսպիսով բանակցություններին կներգրավվեն Եվրոպայի ամենահզոր պետությունները ևս:

 

Պետք չէ շտապել` նկատելու Վաշինգտոնի բացակայությունը: Անկարան իր կեցվածքներով` ռուսական հարձակումը զսպելու, Իդլիբի դեմ որևէ դեպքում մարդկային աղետի մակընթացությամբ սպառնալու և ըստ էության ահաբեկիչ տարրերը մեկուսացնելով, նրանց պատանդի կարգավիճակում պահելով շահարկման խաղաթղթի տիրանալով, մոտենում է վաշինգտոնյան ըմբռնումներին: Բանակցային գործընթացները Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու վարքագիծը երևում է ամեն հիմնական հանգրվանում:

Հանգրվանները պետք չէ շրջանցել: Նախ Թեհրան-Մոսկվա-Անկարա ռազմավարական համաձայնության տպավորություն թողնող խմորումները, համակարգումները. հետո` խնամքով Թեհրանի դուրս բերումը համաձայնական ձևաչափից, ընդգծելու համար համաձայնության երկկողմ բնույթը: Իսկ հիմա Անկարա-Մոսկվան համալրվում է Եվրամիության գլխավոր երկու ուժերով` Բեռլինով և Փարիզով։

Զուգահեռ` այն, ինչ տեղի է ունենում ՄԱԿ-ում` ցուցադրականությամբ եւ Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ հայտարարելով, շեշտում է Թեհրանի ընդհանուր մեկուսացման ուղղությամբ կիրառվող Վաշինգտոն-Թել Ավիվ միացյալ քաղաքականության դրսևորումները:

Երևութապես Անկարան չի միանում Վաշինգտոնի և Թել Ավիվի հակաիրանյան քաղաքականությանը`  հայտարարելով, թե ինքը չպիտի ենթարկվի պատժամիջոցների կիրառման ամերիկյան պահանջներին: Մյուս կողմից, սակայն, Իդլիբի ճակատագրի ճշտման հարցով նույնանում է Վաշինգտոնի հետ` խնամքով դուրս թողնելով Իրանը այս միջազգային գագաթնաժողովներից և դրանով նպաստած լինելով նաև Իրանի նկատմամբ գործադրվող ընդհանուր մեկուսացման քաղաքականությանը:

Թվում էր` սիրիական տարածքներում ռուսական խոցված օդանավը սուր ճգնաժամ պիտի առաջացներ ռուս-իսրայելյան հարաբերությունների գծի վրա` գեթ որոշ հանգրվանի համար գերլարված իրավիճակ ստեղծելով տարածշրջանում: Մանավանդ, որ զոհերի առումով, սիրիական պատերազմի շրջագծում, աննախադեպ թիվ էր արձանագրվել: Լարվածությունը հայտնապես վերապահվել է Վաշինգտոն (նաև Թել Ավիվ)- Թեհրան գծին:

Հայտարարությունները այն տպավորությունն են փոխանցում, որ Իդլիբի շուրջ նախնական ընդհանուր համաձայնությամբ համեմատական խաղաղության հաստատմանն առընթեր թեժ կետը Թեհրանն է և, Թել Ավիվի կողմից կատարված հրապարակումներին հիման վրա` նաև նրա լիբանանյան հենասյուները:

Սիրիայից հետո պաղեստինյան իրադարձությունները, դեպի Իրան ուղղված հռետորաբանության առաստաղի բարձրացումը, սպառնալիքները, խոսում են տարածաշրջանը եռացած վիճակում պահելու ընդհանուր քաղաքական վարքագիծի մասին:

Խաղաթղթերը գերտերությունների համար առատ են` ընդհանուր տարածաշրջանում բաժանարար սահմանները վերագծելու, իրավիճակները վերաթեժացնելու և ընդհանրապես ռազմարդյունաբերության սպառողական շուկան ակտիվ պահելու:
 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր