ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲԸ
Էրդողանի ուրախությունը երկար չի տևի
Իրեն և ընտրակեղծարարներին հայտնի բոլոր մեթոդներով Էրդողանն իրականացրեց ինքզինքը միապետ սուլթան կարգելու երազանքը: Սահմանադրական փոփոխություններով Էրդողանը կարողացավ կորզել իր համար այդքան ցանկալի «այո»-ն:
Չնայած՝ կորզել ասածն էլ այնքան տեղին չէ, որովհետև քվեարկության արդյունքները հավատընծա չեն: Ի սկզբանե տեղեկություններ հրապարակվեցին, որ Թուրքիայի 81 նահանգներից 32-ում հաղթել է «ոչ»-ը, 49-ում՝ «այո»-ն: Մասնավորապես, էրդողանյան փաշայապետության հիմնարկեք հանդիսացող դահմանադրական փոփոխություններին դեմ են քվեարկել գերազանցապես քրդաբնակ, առավել աշխարհիկ համարվող արևմտյան և Միջերկրականի ափին գտնվող նահանգները: Խոշորագույն՝ Ստամբուլ, Անկարա և Իզմիր քաղաքները ևս դեմ են քվեարկել փոփոխություններին: Միայն Թայիփ Էրդողանի առաջարկած փոփոխություններին կողմ են քվեարկել երկրի կենտրոնական շրջանները և Սև ծովի առափնյա նահանգներում են «այո» ասել Ռեջեփիառաջարկած փոփոխություններին:
Այլ պետություններում բացված ընտրատեղամասերում կատարված քվեարկության արդյունքներով՝ «այո»-ն ստացել է 59.09% կամ 831 հազար 43 քվե, «ոչ»-ը՝ 40.91% կամ 575 հազար 288 քվե: Հետաքրքրական է, որ Գերմանիայում, Ֆրանսիայում և Բելգիայում հաղթել են Էրդողանի կողմնակիցները, մինչդեռ մյուս երկրների ճնշող մեծամասնությունում(ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հայաստանի հարևաններ Վրաստանում և Ադրբեջանում) հաղթել են սահմանադրական փոփոխությունների հակառակորդները: «Ոչ» ասողների բարձր տոկոսը հուշում է, որ Էրդողանն իր երկրում լուրջ դիմադրության օջախ ունի: Ընդ որում, ոչ միայն ներսում, այլև դրսում: Հիշենք բազմաթիվ բողոքի ակցիաները եվրոպական երկրներում, երբ պահանջում էին թույլ չտալ սուլթանի լիազորությունների մեծացումը: Այս ամենին էլ հավելենք հանրաքվեի ընթացքին հետևած դիտորդների դիտողությունը ոչ պատշաճ թափանցիկության և այն մասին, որ «նիստերը եղել են հասարակության և դիտորդների համար փակ, և միայն սահմանափակ թվով որոշումներ են հրապարակվել»՝ ավելի կանխատեսելի է դառնում միջազգային հանրության կողմից առաջիկայում դրան տրվելիք գնահատականները:
Սահմանադրական բարեփոխումների հաղթանակը Էրդողանը երկար չի վայելի: Նախ Արևմուտքը նրան հանգիստ չի տա: Եվրոպան արդեն հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանել եվրոպական չափանիշերին: Այն չափանիշերին, որոնք, ըստ էության, ոտնատակ տվեց Էրդողանը: Երկրորդ. զանազան պատժամիջոցներից բացի՝ Արևմուտքը կարող է Թուրքիայի ներսի խնդիրներն (օրինակ, քրդերի պայքարը) օգտագործելով՝ ուղղակի պառակտել ժողովրդավարության շեմին այդպես էլ ոտք չդրած այս երկիրը: Այնպես որ՝ Էրդողանը հազիվ թե հասցնի ստեղծել իր երազած օսմանյան երկրորդ կայսրությունը: Պատահական չէ և լիովին հիմնավոր էվերլուծաբանների հնչեցրած այն կարծիքը, որ սահմանադրական փոփոխությունները Թուրքիայի վերջին սկիզբն են:
Ի դեպ, կարելի է ասել, որ Էրդողանի այս քայլով գոնե առաջիկա տարիներին գրողի ծոցը կուղարկվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հորդորներն ու պահանջները: