Կատալոնիայի անկախության հանրաքվեից մեկ տարի անց

Հոկտեմբերի 1-ի լրացավ Կատալոնիայի անկախության հանրաքվեի մեկ տարին: Կատալոնիայի բնակչության 90,18%-ն «այո» էր ասել Իսպանիայի կազմից դուրս գալու և անկախ հանրապետություն դառնալու վերաբերյալ հարցադրմանը: Միայն թե աշխարհը լավ է հիշում, որ Իսպանիայի իշխանությունները ոչ միայն այդ հանրաքվեի արդյունքները չճանաչեցին, այլև Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնին հեռացրին իշխանությունից ու նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսեցին: Այս պահին Բելգիայի Վաթերլոոյում ապաստանած Պուչդեմոնը նշանավոր օրվա առթիվ իր հայրենակիցներին է դիմել կոչով:
 
Նա կատալոնացիներին կոչ է արել հանրապետության ձեռքբերումների ճանապարհից հետ չկանգնել և ընդգծել է, որ Իսպանիայի իշխանությունները, կուրացած «չկայացածությունից ու ցասումից», ձգտում են կատալոնացիներին «բաժան-բաժան անել և կոտրել»: Պուչդեմոնը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր նպաստել են հանրաքվեի անցկացմանը և կոչ է արել հասնել դրա միջազգային ճանաչմանը:
Պուչդեմոնի այժմյան «ոդիսականն» սկսվեց այն ժամանակ, երբ Իսպանիայի իշխանությունները նրան մեղադրեցին ապստամբելու փորձի ու պետական միջոցների մսխման համար, և նա իր զինակիցների հետ երկրից փախուստ տվեց: 
 
Երբ այս տարվա մարտի վերջին Պուչդեմոնը ձերբակալվեց Գերմանիայիում՝ Դանիայի սահմանին մոտ, հետագայում 75 հազ. եվրո գրավի դիմաց ազատ արձակվեց: Հուլիսին գերմանական դատարանը որոշեց Պուչդեմոնին արտահանձնել Իսպանիային՝ ելնելով պետական միջացների մսխման մեղադրանքից: Այդ ժամանակ քաղաքական գորժիչն անցավ Բելգիա և բնակություն հաստատեց Վաթեռլոո շքեղ շրջանում: Միայն թե կատալոնացու հարուստ հարևաններին դա բնավ դուր չի գալիս: Նրանք վախենում են, որ իրենց անդորրը կխաթարվի  Պուչդեմոնի կողմնակիցների այցերով: 
 
Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո մեկ տարի է անցել, սակայն այդ անկախությունը դեռևս չի ճանաչվում: Թե հանուն ինչի են կատալոնացիները ցանկանում անկախ լինել Իսպանիայից, որի կազմում հարյուրամյակներով ապրել են՝ իրենք կիմանան: Համենայնդեպս, ինքնավար լինելով՝ նրանց կարծես բռնությանբ ձուլում, ոչնչացում կամ մշակութային ճնշում չի սպառնում: 
 
Ճիշտ է՝ Պիրինեյան թերակղզին Բալկաններից բավականաչափ հեռու է, սակայն ոչ այնքան, որ Հորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչի ասածը նրան չվերաբերի: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում նա ասել էր, թե Բալկաններում սահմաններ փոխելը հավասարազոր է Պանդորայի արկղ բացելուն: Մեկ տարի առաջ Եվրոպայի իսպանական հատվածում այդ «արկղի բանալին» Պուչդեմոնի ձեռքին էր, սակայն նա և իր հանմախոհներն առայժմ չեն կարողանում դրանից օգտվել: Այս պարագայում չի բացառվում՝ բարին էլ հենց դա է: