ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը խանգարող հանգամանք չկա

Երեկ Բրյուսելում մամուլի ասուլիս տալով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը խոսել է նաև դաշինքին Վրաստանի անդամակցության մասին: Նա հայտարարել է, թե Վրաստանը չպետք է ընտրություն անի տարածքային ամբողջականության և ՆԱՏՕ-ին անդամակցելու միջև: Մամուլի ասուլիսը կայացել է նախքան անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը:
 
- ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը մնում է ուժի մեջ, և Վրաստանը ժամանակի հետ կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Նա չպետք է ընտրություն անի իր տարածքային ամբողջականության և ՆԱՏՕ-ին անդամակցելու միջև,- հայտարարել է գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով այն դրույթը, համաձայն որի Վրաստանը չի կարող դաշինքի անդամ դառնալ, քանի դեռ այնտեղ  առկա են տարածքային վեճեր և քանի դեռ նա կա՛մ չի հրաժարվի Հարավային Օսիայից ու Աբխազիայից, կա՛մ չի վերականգնել նրանց նկատմամբ վերահսկողությունը:
 
Բուխարեստի վերոհիշյալ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2008թ. ապրիլին, և այնտեղ նշված է, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ: 2018թ. հունիսին դա վերահաստատվել է: Դե, իսկ եթե Դաշինքի գլխավոր քարտուղարն ըստ էության հայտարարում է, որ տարածքային ամբողջականության հետ կախված խնդիրը խոչընդոտ չէ, մնում է սպասել, որ հարևան երկրի շատ քաղաքացիների «վրացական երազանքը» կկատարվի, և այն շուտով կդառնա այդ հզոր ռազմաքաղաքական դաշինքի պտուտակներից մեկը: Իսկ թե այդ փաստն ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, որի համար Վրաստանն աշխահին կապող եզակի հնարավորություն է՝ մտահոգվելու լուրջ առիթ է: