ԵՄ օրակարգում նոր անդամների ներգրավման հարց չկա

Եվրոպական Միության մասին հոկտեմբերի 3-ին La Depeche-ում հրապարակված հարցազրույցում այս անգամ էլ խոսել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: Եթե ԵՄ-ից դուրս գալ պատրաստվող Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Եվրոպայի պետությունները միավորող  կառույցը համեմատել էր Խորհրդային Միության հետ, ԵՄ-ում կարևոր դիրք զբաղեցնող Ֆրանսիայի նրա պաշտոնակիցը խոսել է դրա ընդյլայնման հեռանկարի մասին: Լե Դրիանի խոսքով՝ ԵՄ-ն ուրիշ երկրների հետ համատեղ նախագծեր է զարգացնելու՝ առանց ԵՄ կազմում ընդգրկելու:
 
Ըստ Լե Դրիանի՝ Եվրամիության հետագա ընդյալնումը աշխարհամասի հանրության համար այժմ արդիական չէ:
 
- Այսօր դա օրակարգում չկա,-ասել է նախարարը՝ պատասխանելով ԵՄ-ի «հնարավոր ընդլայնման» մասին հարցին: 
 
Նրա հավաստմամբ՝ տվյալ փուլում Եվրամիությունը մտադիր է համագործակցություն զարգացնել կառույցին անդամակցելու ցանկություն ունեցող երկրների հետ՝ առանց նրանց անմիջականորեն ընդգրկելու միության կազմում: 
 
- Առկա է գործընկերություն որոշակի թվով երկրների հետ, որոնք երբևէ կարող են միահյուսվել եվրոպական ճակատագրին: Ամեն մեկը՝ իրեն համապատասխանող չափով,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը: 
 
Այսօր ԵՄ-ն միավորում է եվրոպական 28 պետություն: Մեծ Բրիտանիայի ելքից հետո նրանց թիվը կհասնի 27-ի: Այժմ պաշտոնապես ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ունեն Ալբանիան, Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան և Չեռնոգորիան:
 
Հիշենք, որ ԵՄ անդամ դառնալը մեծագույն երազանք է նաև Ուկրաինայի և Վրաստանի համար, և նրանք ամեն գնով դրան են ձգտում: Իսկ տարբեր կարգի համաձայնագրերով ԵՄ-ի հետ գործընկեր են շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը: 
 
Այն հանգամանքը, որ ԵՄ-ն չի շտապում ընդլայնվել և բոլոր սահմանակիցներին իր տարածքում ընդգրկել, նույնպես փաստում է, որ Եվրապական Միությունը Խորհրդային Միությանը նման չէ: Հուսանք, նման չեն լինի նաև նրանց «վերջակետները»: ԽՍՀՄ-ի վերջը սկիզբ դրեց ազգամիջյան բախումների, պատերազմական իրավիճակների, զանգվածային աղքատության, հասարակությունների բևեռացման ու այլասերման, բազմաթիվ այլ բացասական երևույթների: Այդպես եղավ, որովհետև հենց ամենասկզբից նրա «պատերը» բարձրացել էին անարդարության, կեղծ գաղափարախոսության պարտադրանքի, համահարթեցման, անհամատեղելին նույն կաթսայում խառնելու հիմքի վրա: 
Իսկ գուցե նաև սա է հաշվի առնում Եվրամիությունը, որ տասնյակ տարիներով Թուրքիային «կանգնեցրել է շեմին» ու այդպես էլ ներս չի թողնում: Առաջիկայում էլ, Ֆրանսիայի արտգործնախարարի ասելով, նոր անդամներ ներգրավելու օրակարգ չունի: