Եթե ուկրաինացիներն ու ռուսները եղբայր են, նրանցից ո՞րն է Կայենը, ո՞րը` Աբելը

Թեև Ուկրաինան մոտ 10  օր առաջ պաշտոնական ընթացք է տվել Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը խզելու գործընթացին, այնտեղ դեռևս չեն բացառում, որ երկու երկրների միջև հաշտությունը հնարավոր է:

Նման հնարավորության մասին «Գլավռեդ» պարբերականին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայի ժամանակավորապես զավթված տարածքների և ներքին տեղահանված անձանց հարցերով նախարարի տեղակալ Գեորգի Տուկան:

- Դրա համար հարկավոր է երկուստեք ցանկություն,- ուկրաինական պարբերականին ասել է Տուկան:

Բայց ճիշտ ժամանակին վերապահում է արել, թե փոխհարաբերությունների բարելավման հեռանկարն առաջին հերթին Ռուսաստանից է կախած:

Փոխնախարարի կարծիքով` ուկրինական «էլիտան» մեծամասամբ հազիվ թե ռուս ժողովրդի հանդեպ կանխակալ կարծիք ունի: Ինչ վերաբերում է այդ «էլիտայի» այնպիսի ներկայացուցչին, ինչպիսին Տուկան է, ապա «ինքն անձամբ ռուսներին եղբայրական ժողովուրդ չի համարել»:

- Եթե մենք եղբայրներ ենք, ապա մեզնից ո՞ր մեկն է Կեյենը, ո՞ր մեկը` Աբելը,- հռետորական հարց է հնչեցրել ուկրաինական փոխնախարարը:

Ինչպես հայտնի է, Ադամի ու Եվայի անասնապահ (ասել է թե` քոչվոր) որդի Կայենը սպանում է հողագործ (որ նշանակում է` նստակյաց) որդի Աբելին: Նշանակո՞ւմ է արդյոք Տուկայի համեմատությունը, թե քանի որ ռուսն ու ուկրաինացին «եղբայրական ժողովուրդներ» չեն, ուրեմն ոչ էլ իրար «սպանելու» խնդրի առաջ են կանգնած:

Բայց ինչպես երևում է` Կիևում Մոսկվայի հետ հաշտվելու այնքան էլ մեծ ցանկություն չունեն: Սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հայտարարագիր է ներկայացրել Կիևի որոշման մասին` այլևս չերկարաձգել Ռուսաստանի հետ բարեկամության, գործընկերության և համագործակցության մեծ պայմանագիրը: