Թուրքիայում ուզում են, որ Ղրիմը ռուսական ճանաչվի

ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՆՏԵՂ ՍՏԵՂԾՎԵԼ Է «ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՂՐԻՄ-ԹՈՒՐՔԻԱ» ՇԱՐԺՈՒՄ

Մնում է միայն մտածել, թե Թուրքիայի հետ դիվանագիտական խաղեր տվող Ռուսաստանն այդ ի՞նչ է խոստացել թուրքերին, որ նրանք որոշել են նման, գոնե այս պահին լիովին անհեռանկար թվացող, գործունեություն ծավալել:
 
Իսկ գուցե այս ամենից ամենաշատը պետք է զգուշանանք մենք: Անցած դարասկիզբի դեպքերը հուշում են, որ երբ ռուսն ու թուրքը «բարեկամանում են», կորցնողը հայն ու Հայաստանն են լինում:
 
Թուրք գործարարները, հասարակական և քաղաքական գործիչները միավորվել են մի շրժման մեջ, որը մտադիր է փոխադարձ հարաբերություններ զարգացնել Ղրիմի հետ և աշխատանքներ տանել նրա ռուսասկան կարգավիճակը ճանաչել տալու ուղղությամբ: Ղրիմի տարածաշրջանից ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկի հայտնած այս տեղեկությունը գոհունակությամբ տարածել է «ՌԻԱ-նովոստին»:
 
Պատգամավորի խոսքով՝ «Ռուսաստան-Ղրիմ-Թուրքիա» շարժման ղեկավար Յազդան Կայան  արդեն Ղրիմ է ժամանել քառօրյա պաշտոնական այցով: Այցի նպատակն է ամրապնդել մարդկային և տնտեսական կապերը Ղրիմի հետ: 
 
- Թուրքիայում ստեղծվել է «Ռուսաստան-Ղրիմ-Թուրքիա» ընկերությունը: Գլխավոր նպատակն է՝ միավորել ուժերը և աշխատանքներ տանել, որպեսզի համաշխարհային հանրությանը ճանաչել տան Ղրիմի ռուսական կարգավիճակը: Սա առաջին անգամն է, որ հենց Թուրքիայի ներսում հասարակական գործիչներ են հայտնվում՝ ժողովրդական դիվանագիտության մակարդակում: Քաղաքական ուժեր, քանի որ շարժման մեջ մտնում են թուրք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ: Քաղաքական ոլորտում աշխատանքներն ուղղված են նրան, որ Ղրիմը ոչ միայն Թուրքիայի համար դարպաս դառնա դեպի Ռուսաստան, այլև դերապաս բացի «Մետաքսի ճանապարհի» վերածննդի համար,- լրագրողներին ասել է Բալբեկը:
 
Շարժման ղեկավար Կայան իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան հետաքրքրված է Ղրիմի հետ տնտեսական և մարդասիրական սերտ հարաբերություներով՝ թերակղզին դիտելով որպես ՌԴ-ի մաս: Նա նաև շեշտել է, թե Ռուսաստանին Ղրիմի միանալն օրինական է՝ վկայակոչելով այնտեղ տեղի ունեցած հանրաքվեն:  
 
Ակնհայտ է, որ նման նախաձեռնությունները կարող էին ծագել պետությունների ղեկավարների համաձայնությամբ: Թուրքիան, որ իր տիրապետության տակ հայտնված Ղրիմը հարկադրաբար Ռուսաստանին է զիջել 1783թ., պարզվում է՝ հիմա էլ մտահոգված է, որ այն ռուսական էլ մնա: