Թրամփի վարչակազմը չեղյալ է համարում ևս երկու միջազգային պայմանագիր

Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Թրամփի  նախագահության երկու տարուց պակաս ժամանակահատվածում Միացյալ Նահանգները դուրս է եկել Իրանի միջուկային համաձայնագրից, կլիմայի միջազգային համաձայնագրից, Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունից, սպառնացել է հեռանալ ՆԱՏՕ-ից, հեռացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և կրճատել է UNRWA-ի (ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալություն) ֆինանսավորումը, որը վերջին 70 տարիների ընթացքում մարդասիրական օգնություն էր տրամադրում միլիոնավոր պաղեստինցի փախստականների…
 
 
Անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմը ևս երկու սկանդալային գործողություն իրականացրեց՝ ավելի ոտնահարելով միջազգային իրավունքը և խուսափելով հակամարտության խաղաղ կարգավորման իրավական լուծումից:
 
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է 1955 թ. ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված Բարեկամության համաձայնագիրը՝ Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) կողմից 2018 թ. հոկտեմբերի 3-ին ընդունած միաձայն որոշումից հետո (որ Միացյալ Նահանգները պարտավոր է վերսկսել մարդասիրական ապրանքների և պահեստամասերի արտահանումը Իրան, քաղաքացիական ավիացիայի անվտանգության ծառայությունների համար՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին): Դա, անշուշտ, հաղթանակ էր Իրանի համար, քանի որ նա դատի էր տվել Միացյալ Նահանգներին Միջազգային դատարանում: ԱՄՆ-ի դուրս գալը համաձայնագրից նրան դարձրեց ոչ արժանապատիվ պարտվող...
 
Նախագահ Թրամփը վերսկսեց Միացյալ Նահանգների պատժամիջոցներն այս տարվա մայիսին՝ Իրանի և մի քանի այլ խոշոր պետությունների հետ 2015 թ. կնքած միջուկային գործարքից դուրս գալուց հետո: Պատժամիջոցները վերաբերում էին դոլարային գործարքներին, սննդամթերքի արտահանմանը և ալյումինի ու պողպատի վաճառքին: Նոյեմբերին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կավելացնի Իրանի նավթի վաճառքի, էներգետիկ և տրանսպորտային հատվածների ու արտասահմանյան ֆինանսական գործարքների դեմ:
 
Դատավճռից հետո Միջազգային դատարանի նախագահ Աբդուլքավի Յուսուֆը հայտարարեց, որ «դատարանի հրամանը կիրառվում է դեղամիջոցների և բժշկական սարքերի, սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների, նաև քաղաքացիական ավիացիայի համար պահեստամասերի ու սարքավորումների նկատմամբ: Միացյալ Նահանգները պետք է նաև ապահովի, որ լիցենզիաներն ու թույլտվությունները տրվեն, և որ նման ապրանքների ու ծառայությունների համար վճարումները որևէ սահմանափակման չենթարկվեն», հաղորդում է «Վաշինգտոն փոստը»:
 
Չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են, սակայն դրանք հարկադրելի չեն: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 3-ին Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ Իրանը «ծաղրանքի է վերածել» Բարեկամության համաձայնագիրը: Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգներին անվանեց «օրինազանց վարչակարգ»:
 
Հետաքրքիր է, որ Միացյալ Նահանգները Միջազգային դատարանում դատական հայցեր է ներկայացնում այլ պետությունների դեմ, երբ այն համապատասխանում է իր շահերին։ 1979 թ. Միացյալ Նահանգները դատի տվեց Իրանի իշխանություններին՝ Թեհրանում իրանցի զինյալների կողմից ԱՄՆ դեսպանատան գրավումից հետո։ ԱՄՆ-ը շահեց այդ դատական գործը, և Միջազգային դատարանը հրամայեց Իրանին ազատ արձակել բոլոր ամերիկացի պատանդներին ու փոխհատուցում վճարել։ Զարմանալի է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը հիմա է դադարեցնում Իրանի հետ համաձայնագիրը, այլ ոչ թե 1979 թ. պատանդների հետ կապված ճգնաժամի ժամանակ…
 
«Վաշինգտոն փոստը» հաղորդել է, որ «անցյալ շաբաթ ՄԱԿ-ում հանդիպումների ժամանակ Թրամփը, Պոմպեոն և Բոլթոնը հանդես են եկել Իրանի դեմ և հանդիմանել այլ անդամ պետությունների ու ՄԱԿ-ի մարմիններին՝ ամերիկյան շահերին չծառայելու համար: Նրանց մոտեցումը արժանացել է սառը արձագանքի: Նախագահ Թրամփի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նստաշրջանում ՄԱԿ-ի ամենաազդեցիկ կառույցի յուրաքանչյուր անդամ հանդիմանել է Վաշինգտոնին՝ խորհրդի կողմից համաձայնեցված միջուկային գործարքը մերժելու համար»:
 
2018 թ. հոկտեմբերի 3-ին Բոլթոնը նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս կգա դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի «ֆակուլտատիվ արձանագրությունից»։ Այս որոշումը պայմանավորված էր Պաղեստինի իշխանության կողմից ԱՄՆ-ի դեմ 2018 թ. սեպտեմբերին Միջազգային դատարան բողոքի ներկայացմամբ՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու համար:
 
Վիեննայի կոնվենցիան միջազգային պայմանագիր է, որը կանոնակարգում է դիվանագիտական հարաբերությունները պետությունների միջև և ապահովում է  դիվանագետների անձեռնմխելիությունը: Զարմանալիորեն, Բոլթոնն ասաց, որ «Միացյալ Նահանգները մնում է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կողմ և մենք ակնկալում ենք, որ մյուս բոլոր կողմերը կպահպանեն կոնվենցիայով նախատեսված իրենց միջազգային պարտավորությունները»:
 
Այնուհետև Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը կվերանայի մյուս բոլոր միջազգային համաձայնագրերը՝ ԱՄՆ-ի ինքնիշխանությունը պահպանելու համար։ 
 
Սահմանադրագետ իրավաբանները կարող են կասկածի տակ առնել Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ Սենատի վավերացրած միջազգային պայմանագրերի չեղյալ հայտարարելու օրինականությունը։ Արդյոք Սենատը չպե՞տք է իր համաձայնությունը տա Սպիտակ տանը՝ մինչև նրա դուրս գալը նման պայմանագրերից։ Ամերիկայի պատմության առաջին 189 տարիների ընթացքում ջնջվել է 40 պայմանագիր, Կոնգրեսի երկու պալատների համաձայնությունից հետո։ Միայն երկու պայմանագիր է չեղյալ համարվել Սենատի կողմից՝ դրա անդամների երկու երրորդ ձայների քվեարկությամբ։ Ցավոք, վերջին տարիներին, Կոնգրեսի անկարողության և պատմական անգործության պատճառով, գործադիր ճյուղը նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելով՝ միակողմանիորեն չեղյալ է հայտարարել միջազգային պայմանագրերը: Սա խնդիր է, որը ԱՄՆ Կոնգրեսը պետք է վերանայի (մասնավորապես՝ եթե դեմոկրատները շահեն մեծամասնությունը), որպեսզի թույլ չտա նախագահ Թրամփին կամայական որոշումներ կայացնել, որոնք խայտառակում են Միացյալ Նահանգներին ամբողջ աշխարհի աչքի առջև։ 
 
Հուսանք, որ ԱՄՆ-ի հաջորդ ավելի պատասխանատու նախագահը կփորձի փոխել Թրամփի խորապես թերի որոշումները միջազգային համաձայնագրերի և այլ կենսական հարցերի վերաբերյալ:
 
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի