Սիրիայում դասալիքներին կներեն՝ եթե մեղայականով հանձնվեն իշխանություններին

Սիրիայում պատերազմը շարունակվում է, իսկ Իդլիբը կառավարական զորքերի վերահսկողությունից դուրս է, բայց այնտեղ նաև փորձում են ահեղ ռազմական գործողությունների հետևանքները վերացնել ու կյանքը շատ թե քիչ սովորական հունի մեջ դնել: Նախագահ Ասադը մի կողմից խոստանում է Իդլիբը դարձյալ Սիրիայի սահմաններից ներս առնել, մյուս կողմից հրաման է ստորագրում դասալիքներին համաներում շնորհելու մասին:
 
Հոկտեմբերի 9-ին հրապարակված հրամանը համընդհանուր ներում է նախատեսում նրանց նկատմամբ, ովքեր «զինվորական կարգապահությունը զանց են առել և այժմ գտնվում են երկրի ներսում կամ նրա սահմաններց դուրս»: 
 
Ինչպես հայտնել է տեղեկատվական SANA գործակալությունը, այդ հրամանը դասալիքներին ազատում է քրեական պատասխանատվությունից, որը նախատեսված է հանրապետության զինված ուժերում ծառայելու մասին օրենքով: Համաներման պայմաններով՝ փախստականները, որոնք գտնվում են երկրի ներսում, պետք է մեղայականով ներկայանան և իշխանություններին հանձնվեն չորս ամսվա ընթացքում:
 
Նրանց համար, ովքեր Սիրիայից հեռացել են, ներկայանալու ժամկետը երկարաձգվել է մինչև կես տարի: 
 
Համաներման այսպիսի հրամաններ Բաշար Ասադը տվել է նաև 2013թ. և 2015թ: Նախագահի այս քայլը բնակչության շրջանում դրական արձագանք է գտել: Սիրիական պարբերականի տվյալներով՝ այն ժամանակ իշխանություններին հազարավոր դասալիքներ են հանձնվել: 
 
Դամասկոսյան մեկնաբանները նշել են, որ համաներման հրամանը կարևոր քայլ է ազգային համերաշխության ճանապարհին և կթեթևացնի փախստականների երկիր վերադառնալու գործընթացը: Իսկ ազգային համերաշխությունը Սիրիային օդուջրի պես է անհրաժեշտ, քանի որ արդեն 7 տարի տևող այս պատերազմում երկրի ընդդիմությունը ռազմաճակատի հակառակ բևեռում էր: