ԱՊՀ ոչ մի դիտորդ՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններին

Այս տարվա օգոստոսին լիովին հրաժարվելով Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կանոնադրական մարմիններում ներկայացուցչություն ունենալուց, Ուկրաինան շատ թափանցիկ ներկայացրեց իր վերաբերմունքն այդ կառույցի հանդեպ:
 
2019թ. գարնանը ուկրաինացիները դարձյալ նախագահ են ընտրելու, և արդեն Կիևից ծանուցում են փոխանցել, թե մշտադիտարկման համար ԱՊՀ երկրներից դիտորդներ չեն ընդունելու: Այդ մասին երեկ հայտարարել է համագործակցության գործադիր կոմիտեի ղեկավարար Սերգեյ Լեբեդևը:
 
Գործկոմի ղեկավարը չի բացառում, որ ընտրությունների ժամկետին մոտ օրերին ԱՊՀ դիտորդներն այնուամենայնիվ կարող են մշտադիտարկմանը մասնակցելու հրավեր ստանալ: Լեբեդևը նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի վերջին տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովին Կիևը ներկայացված չի եղել: 
 
- Ուկրաինայի թեման հնչել է գործնականում բոլոր պատվիրակությունների գլխավորների բերանից,- նրա խոսքերն է փոխանցել «ՌԻԱ-նովոստին»: 
 
Նա նաև համոզմունքնէ հայտնել, որ ԱՊՀ-ում տեղը չկորցնելն առաջին հերթին Ուկրաինայի շահերից է բխում: Միայն թե այնտեղ դեռևս 2014թ. «մայդանային» հեղափոխությունից անմիջապես հետո էին հայտարարել ԱՊՀ անդամակցությունից դուրս գալու մասին: 
 
Ուշագրավ է, որ մինչև օրս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտանավարման երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին չի հայտարարել: Իհարկե, նա դրա համար դեռևս շատ ժամանակ ունի, բայց եթե նկատի ունենանք, որ, ինչպես լրատվամիջոցներն են գրում, այդ տեղի համար նրա վարկանիշը ռեկորդային ցուցանիշներով դեպի անկում է գնում, բացառված չէ, որ իրատես գործարարը չի փորձի երկրորդ անգամ իշխանության «սայլին» լծվել:
 
«Ավանգարդը» սրան արդեն անդրադարձել է, և նոր հարցումները նույնպես հաստատում են, որ ամենաբարձր վարկանիշն առայժմ Յուլյա Տիմոշենկոն ունի: Նրա համար պատրաստ է քվեարկել ուկրաինացցիների 19,3%-ը: Սա, ըստ էության, ընտրապայքար է ենթադրում բազմաթիվ «թեթևքաշային» թեկնածուների միջև:
 
Բնականաբար՝ Ուկրաինայում եկող տարին լարված ընտրապայքարում է անցնելու (աշնանն էլ նախատեսված են խորհրդարանական ընտրություններ), և Ռուսաստանի նման պետության դիտորդների մասնակցությամբ այդ գործընթացը ծանրացնել նրանք չէին ցանկանա: Եթե անգամ Միացյալ Նահանգներն է «վախենում» ընտրություններին ՌԴ միջամտությունից, ի՞նչ երաշխիք կարող է ունենալ Ուկրաինայի նման մի պետություն…
 
Միայն թե ԱՊՀ անդամ է, օրինակ, նաև Հայաստանը: Էլ չենք խոսում միջինասիական պետությունների մասին, որոնք Ուկրաինայի անդավաճան բարեկամ Ադրբեջանի համախոհներն են: Դե, իսկ Բելառուսն էլ հո կարծես Ուկրաինայի համար դեռևս չի կորցրել եղբայրական ժողովրդի իր կարգավիճակը: Թերևս ընտրությունների մոտակա օրերի վերաբերյալ Լեբեդևի վերապահումը հենց այս վերջիններից մի քանիսիսին է վերաբերում: