Բնությունը բարկացե՞լ է մարդկության վրա

ԱՆՑԱԾ 20 ՏԱՐՈՒՄ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ 7255 ԲՆԱԿԱՆ ԽՈՇՈՐ ԱՂԵՏ Է ԵՂԵԼ

Հրապարակվել է ՄԱԿ-ի զեկույցը վերջին 20 տարում բնական աղետների հասցրած վնասների մասին: Դրանց պատճառով 1,3 մլն մարդ զրկվել է կյանքից, ևս 4,4 մլն-ը՝  առողջությունից, տունուտեղից, մշտական բնակավայրից և այլն: Նյութական վնասը կազմել է 2,9 տրիլիոն դոլար: ՄԱԿ-ի Բնական աղետների նվազեցման գծով վարչության այդ զեկույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 10-ին, նաև նշվում է, որ 1998-2017թթ. տեղի ունեցած բնական աղետների պատճառով ֆինանսական վնասները մեծացել են են 251%-ով, դրանցից տուժած երկրները զրկվել են 2 տրլն 908 մլրդ դոլարից: Վնասների 77%-ի պատճառը եղել են եղանակային պայմանները:
 
Բնական աղետների  պատճառով ամենաշատ կորուստներն ունեցել է Միացյալ Նահանգները  (944,8 մլրդ դոլար): Այնուհետև հերթով հաջորդում են Չինաստանը (492,2 մլրդ), Ճապոնիան (376,3 մլրդ) և Հնդկաստանը (79,5 մլրդ): Հեղեղումները, փոթորիկներն ու երկրաշարժերը Եվրոպական երկրներից ամենածանրը նստել են Գերմանիայի (57,9 մլրդ), Իտալիայի (56,6 մլրդ) և Ֆրանսիայի (48,3 մլրդ) վրա: 
 
Ընդամենը 20 տարում աշխարհում տեղի է ունեցել 7255 խոշոր բնական աղետ: Ավելի հաճախ եղել են հեղեղումներ և փոթորիկներ: Կյանքից զրկվածների կեսից ավելին զոհ է գնացել երկրաշարժերին: 
 
- Հենց միայն այս ամսին Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժերի ու ցունամիների բերած մահերն ու տառապանքները հաստատում են, որ անհրաժեշտ է ավելի մեծ թափով բարձրացնել երկրաշարժավտանգ գոտիներում շինանրարական բարձր հաստատուններ ներդնելու թեման,- Ժնևում հայտարարել է Աղետների ռիսկի թուլացման գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մամի Միզուտորին: 
 
Նա նաև նշել է, թե զեկույցից ակնհայտ է դառնում, որ եղանակային ծայրահեղ պայմանների պատճառած տնտեսական կորուստները գլխավոր արգելակն են՝ աշխարհում տիրող աղքատությունն արմատախիլ անելու գործում: Մինչդեռ եղանակային փոփոխությունների պատճառով բնական ծայրահեղ երևույթներ են տեղի ունենալու ավելի ու ավելի հաճախ, որոնք էլ խոչընդոտելու են աշխարհի կայուն զարգացմանը: 
 
Իրավիճակը բարելավելու նպատակով ՄԱԿ-ում պետություններին առաջարկում են ներդրումներ անել բնական աղետների վտանգի նվազեցմանն ուղղված նախաձեռնություններում: 
 
Այս զեկույցը բնական աղետների պատճառած վնասների մասին է, և հասկանալի է, որ այնտեղ պատերազմների, բռնությունների և բազմաթիվ այլ մարդկային գործոնների պատճառով վրա հասած կորուստների մասին խոսք չկա: Բայց վերջերս մարդիկ հաճախ են սկսել խոսել այն մասին, որ այսքան հաճախ աղետներ բերելով՝ բնությունը մարդուն պատժում է իր բնակործան գործունեության համար: Մարդն սկսել է բնությունը կործանել և նրա համակարգում դարձել է ավելորդ: Ուստի և պետք է այնտեղից դուրս նետվի, եթե իհարկե՝ վերջապես ուշքի չգա: Բայց սրա նախադրյալներն էլ դեռևս չեն երևում: Դրա ապացույցն է հենց միայն այն, որ բնական աղետներից ամենաշատը տուժած Միացյալ Նահանգները դուրս եկավ Եղանակային  պայմանների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից: