Պորոշենկոն Կիև-ՆԱՏՕ երկխոսությամբ է պարծենում, մինչդեռ Հունգարիան դեմ է

Պետությունների ղեկավարների մտքերն և քաղաքական շեշտադրումներն իմանալու համար մեր օրերում տարբեր փաստաթղթեր, զանազան լուրեր ու տեղեկություններ քրքրելու հարկ չկա: Պատզապես պետք է այցելել սոցիալական կայքերի նրանց էջերը: Ահավասիկ, «Դիմագրքի» իր էջում ուշագրավ գրառում է արել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նա աշխարհին պատմել է ուկրաինական օդուժի անհավատալի հզորության մասին, մանրամասնել է, թե ՆԱՏՕ-ն շատ բան է սովորում անկախ Ուկրաինայից և իհարկե, մեղադրնքներ է ուղղել Ռուսաստանի հասցեին:
 
Իր գրառումը Պորոշենկոն հարստացրել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունների լուսանկարներով: Դրանց Կիևի հետ միասին մասնակցում են Էստոնիան, Ռումինիան, Լեհաստանը, Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները, ինչպես նաև այնպիսի կարկառուն ՆԱՏՕ-ականներ, ինչպիսիք ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան են:
 
Սակայն Պորոշենկոյի ոգևորության վրա թերևս սառը ջուր է լցրել  հարևան Հունգարիան, որը կտրականապես դեմ է Կիևի և ՆԱՏՕ-ի երկխոսությանը: Ելնելով դրանից՝ Բուդապեշտը շարունակում է արգելափակել Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նախարարների մակարդակով բոլոր նիստերը:  
 
Հոկտեմբերի 16-ին խնդիրը քննարկել են Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը և նրա հունգարացի պաշտոնակից Պետեր Սայյարտոն: Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Կիևի գործողություններում ոչ մի առաջընթաց չի տեսնում: Մասնավորապես՝ Կիևն առաջվա պես անուշադրության է մատնում կրթության մասին Ուկրաինայի օրենքի վերաբերյալ Վենետիկյան հանձնաժողովի հանձնարարականները: 
 
ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի երկխոսությանը հավանություն չտալու պատճառներից գլխավորը, անշուշտ, հունգարացի դիվանագետի մեկ այլ հիշեցումն է. Կիևն արդեն վաղուց է անտեսում Ուկրաինայի տարածքում ապրող հունգարացիների և ազգային այլ փոքրամասնությունների իրավունքները: 
 
Պյոտր Պորոշենկոն, որքան էլ չի հայտարարել Ուկրաինայի հաջորդ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին, երևում է, այնուամենայնիվ փորձում է իր համար վարկանիշ ապահովել: Իսկ դա երևի ավելի հեշտ է անել՝ ՆԱՏՕ-ի հետ գործընկերության և սեփական երկրի հզորության վերաբերյալ հայտարարությունների հետևում թաքնվելով: Բայց մոռանում է, որ նախորդ իշխանություններին երկարուձիգ ամիսներ հրապարակային պայքարում մերժած ուկրաինացիներին սին խոսքերն արդեն չեն համոզի