Ֆյուրերը, պարզվում է, սեռական ոչավանդական կողմնորոշում է ունեցել

ԿՀՎ-Ն ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ Է ՀԻՏԼԵՐԻ ՄԱՍԻՆ 1943Թ. ԶԵԿՈՒՅՑԸ

Երկրորդ աշխարհամարտը ձեռնարկելով՝ Հիտլերը, թերևս, փորձում էր նաև իր սեռական կաղմնորոշման «իրավունքը» պաշտպանել: Միայն թե 70-80 տարի առաջ մարդիկ դեռևս ամաչում էին դրա մասին բացահայտ խոսել և խնամքով թաքցնում էին այդ փաստը:
 
Եթե Հիտլերը մեր «լուսավոր» դարում ապրած լիներ, գուցե թե աշխարհը փրկվեր նրա սանձազերծած պատերազմից: Նա միայն ԼԳԲՏ-ի դրոշ կբարձրացներ և հաղթարշավով կանցներ ամբողջ աշխարհը: Միայն թե դեռևս հայտնի չէ՝ մարդկությունը նրա այդ հաղթարշավի՞ց ավելի մեծ վնաս կկրեր, թե՞ Երկրորդ համաշխարհային պատերազմից՝ իր բոլոր աղետալի հետևանքներով հանդերձ:
 
Ինչ հոգեկան և բարոյական բնութագրիչներ է ունեցել  նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը. մարդ, ում հետևից միլիոնավոր մարդիկ գնացին և սանձազերծեցին մարդկության մեզ հայտնի պատմության ամենակործանարար պատերազմը: Պարզվում է՝ նա սադոմազոխիստական հակումներ է ունեցել, ինչպես նաև  եղել է թե՛ համասեռամոլ, թե՛ հակասեռամետ (հետերոսոքսուալ): Այդ մասին է վկայում ֆյուրերի կյանքի մասին ԿՀՎ-ի գաղտնազերծած զեկույցը:
 
70 էջանոց փաստաթուղթը ԱՄՆ-ի ռազմավարական ծառայությունների վարչության համար 1943թ. կազմել է մարդաբան Հենրի Ֆիլդը: Զեկույցը հիմնվում է Հիտլերի երբեմնի մտերիմ ընկեր Էռնստ Սեջվիկ Հանֆստենգլի (Ernst Sedgwick Hanfstaengl) հետազոտության վրա: Նա հետագայում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: 
 
Փաստաթղթում նշվում է, որ Հիտլերին հատուկ են եղել «սադոմազոխիստական հակումներ՝ համադրված երիտասարդության տարիներին դրսևորված համասեռամոլության հետ»: Բացի այդ, նա սեռական հրապուրանք է ունեցել իր ապագա տեղակալ Ռուդոլֆ Հեսի նկատմամբ, որի հետ կալանավորման ժամկետ է անցկացրել 1920-ական թթ: Զեկույցում պնդում կա, թե Հեսը եղել է համասեռամոլ, նրան տվել էին «Ֆրոյլեն (օրիորդ) Աննա» մականունը, քանի որ սովորություն է ունեցել պճնվել հնոջ հագուստներով:
 
Զեկույցի հեղինակը նաև նշում է, թե  Հիտլերը «գեղագիտական վայելք էր ապրում, երբ դիտում եր պատանիներին»: 1910-1913թթ. երիտասարդ նկարիչ Ադոլֆն ապրել է Վիեննայի արական գիշերօթիկում, որը համարվում էր «այնպիսի վայր, որտեղ տարեց տղամարդիկ գալիս էին երիտասարդներ գտնելու»:
 
Փաստաթուղթն ընդգծում է, որ Հիտլերին բնորոշ երկակիությունը հատուկ է եղել նաև նրա սեռական կողմնորոշմանը: 
 
- Նրա սեռական կյանքը եղել է երկակի, ճիշտ ինչպես նրա քաղաքական հայացքները: Նա միաժամանակ համասեռամոլ էր և հակասեռամետ, սոցիալիստ էր և համոզված նացիստ, տղամարդ էր և կին,- ասված է զեկույցում: