Մոլդովայի խորհրդարանում ձախողվել է «եվրոպական ապագայի» օրինագիծը

Գուցե թե հենց «եվրոպական ապագայի» մշուշոտությունն է, որ մոլդովացիներից ոմանց հարկադրում է զգուշանալ:
 
Եվրոպական ազգերն իրենց բնօրրաններում ակնհայտորեն ծերանում են ու այլասերվում՝ իբր թե խտրականությունը բացառող զանազան անհեթեթ նախաձեռնություններից. երկրների ժողովրդագրական դեմքերը փոխվում են հօգուտ առավել թխամաշկ ու հաստատ ոչ քրիստոնյա վերաբնակիչների: Բրյուսելը հնարավորություն չի թողնում խույս տալու Եվրամիության որդեգրած քաղաքականությունից ու գործելակերպից, իսկ ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի օրինակը թերևս շատերին է զգաստացրել:
 
Մոլդովան Եվրոպայի աշխարհագրական սահմանների մեջ է, ուստի բնական է, որ նաև մտադիր է իր բոլոր ցուցանիշներով ներգրավվել աշխարհամասի արժեքային և քաղաքական համակարգերում: Սակայն նման ներգրավումը երկար ճանապարհ է ենթադրում: Այդ ճանապարհով առաջ ընթանալու գրավականներից մեկը համարվում է երկրի սահմանադրության մեջ նման կետ ընդգրկելը: Մոլդովայի խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը՝ ժողովրդավարական կուսակցությունը (ՄԺԿ), 2017թ. սեպտեմբերին ներկայացրել էր օրենքի նախագիծ, որը, սակայն, այս տարվա հոկտեմբերի 18-ին հերկրորդ ընթերցմամբ անհրաժեշտ ձայներ չի հավաքել: 
 
Պատգամավորները հոկտեմբերի 17-ի նիստին առաջին ընթերցմամբ հավանություն են տվել սահմանադրության մեջ Եվրոպային սերտաճելու կետ ներառելու օրինագծին: Իսկ ահա երկրորդ ընթերցման քվեարկության ժամանակ ձայները չեն հերիքել, քանի որ հրաժարվել են քվեարկել խորհրդարանական 4 խմբակցությունների՝ սոցիալիստների, կոմունիստների, լիբերալների և լիբերալ-ժողովրդավարների պատգամավորները:
 
Այդ օրինագիծը պետք է հաստատեր, որ Մոլդովայի ռազմավարական կողմնորոշումը եվրոպական ժողովրդավարական արժեքներն են, և դա երկրի սահմանադրական ինքնության որոշիչ տարր է: 
Երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ դրան հավանություն է տվել, Անդրիան Կանդուն այն միանգամից հաստատման է դրել է երկրորդ՝ վերջնական ընթերցման համար: 
 
- 54 ձայն տրվել է որպես աջակցություն  եվրոպական ինտեգրման մասին կետը սահմանադրության մեջ ներառելուն: Եթե 13 պատգամավոր՝ լիբերալ-ժողովրդավարները և լիբերալները, նիստերի դահլիճից չհեռանային, նախագիծը կարող էր հաստատվել,- իր դժգոհությունն է հայտնել խորհրդարանի նախագահը: 
 
Մոլդովայի օրենսդրության համաձայն՝ սահմանադրության մեջ փոփոխություն անելու համար անհրաժեշտ է, որ նախագծին հավանություն տա 67 պատգամավոր: Խորհրդարանական 4 խմբակցությունները ժողովրդավարների այս նախաձեռնությանը հրաժարվել են աջակցել: 
 
- Սա երկրի ձախողումն է, որը հնարավորություն ուներ կերտել եվրոպական ապագա: Մենք դիտարկում ենք հանրաքվե ձեռնարկել եվրոպական ինտեգրացիայի հարցով: Հնարավոր է՝ այն կանցկացվի նույն օրը, ինչ և խորհրդրանական ընտրությունները,- հայտարարել է Կանդուն:
 
Մոլդովայի հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2019թ. փետրվարի 24-ին: Թե որն է եղել խորհրդարանական 4 խմբակցությունների մերժման պատճառը՝ նյութի աղբյուր «ՌԻԱ-նովոստին» չի նշում: 
 
Ամեն դեպքում՝ մոլդովացիներին նաև հանրաքվեով հնարավորություն կտրվի ընտրություն անել Եվրոպայի և... այստեղ էլ, թերևս երկու ընտրություն կա՝ սեփական ինքնուրույնություն և Ռուսաստան: Եթե իհարկե, վայրկյան առ վայրկյան վերափոխվող աշխարհում նոր, հուսանք՝ առավել բարենպաստ, իրողություններ ի հայտ չգան: