Մի ամբողջ շաբաթ սմարթֆոնից չկտրված չինուհու ձեռքը կորցրել է շարժունակությունը

Այնքան հրապուրիչ սարքեր են մարդու ձեռքն ընկել, որ նա կարող է օրերով դրանցից պոկ չգալով՝ անձանձրույթ խորասուզվել տեսախաղերի ու սոցիալական ցանցերի «որոգայթում»: Շատ կանայք հիմա ընկերուհիների հետ «բամբասելու» առիթներ էլ չեն փնտրում, խելացի սարքերը նրանց լիուլի բավարարում են այդ «բարիքով», այն էլ նրանց առջև փռելով ոչ թե սովորական մահկանացուների, այլ համաշխարհային աստղերի կյանքի գաղտնիքները: Դրա համար էլ այն, ինչ վերջերս կատարվել է մի չինուհու հետ, դժվար թե մարդկանց զարմացնի: Զարմանալը չեն զարմանա, սակայն զգուշանալ կարող են:
 
Չինաստանի Չանշա քաղաքի մի բնակչուհի արձակուրդ ստանալով՝ աշխատանքային առօրյայից հանգստանալու այլ հնար չի գտել, քան մեկ շաբաթ անընդմեջ սմարթֆոնը ձեռքին նստելը: Նրա այդ զբաղմունքը կարողացել է ընդհատել միայն հիվանդությունը՝ աղջիկը կորցրել է մատների շարժունակությունը: Պատահածին անդրադարձել է AsiaOne պարբերականը:
 
Մեկ շաբաթ շարունակ հեռախոսը ցած դնելով միայն քնի ժամերին՝ կինը զգացել է, որ դաստակը ցավում է, իսկ մատներն իրեն չեն ենթարկվում: Եվ իհարկե, դիմել է բժշկի: Բժիշկներն ախտորոշել են նրա հիվանդությունը՝ տենոսինովիտ, որը բնութագրվում է որպես ջլերի ձուսպաթաղանթի բորբոքում: Բուժումից հետո կինը մատները շարժելու կարողությունը վերստացել է, սակայն բուժող բժիշկները զգուշացրել են, որ հարկավոր է սմարթֆոնը պարբերաբար ցած դնել և ձեռքերին հանգիստ տալ:
 
Համացանցում ժամանակ առ ժամանակ հրապարակումներ են լինում արդիական նման սարքերի վնասակարության մասին: Դեպքեր են եղել, որբ երեխան 10-12 ժամ տարվել է համակարգչային խաղով, որից հետո մկնիկը բռնած նրա ձեռքը խեղվել է: Անգամ կաթվածահարության դեպքեր են արձանագրվել: Որքան էլ ասում են, թե մարդկությունը ընթանում է դեպի վիրտուալ հասարակություն առաջնորդող ճանապարհով, անհատները պետք է գիտակցեն, որ իրենք կենսաբանական էակներ են և հարկադրված են ապրել դրա օրենքներով: