Չինաստանը` «մարդկային նոր քաղաքակրթություն» ստեղծելու ճանապարհին

Չինական Shanghai ManWei Technology ընկերությունը մի քանի օր առաջ ուղեծիր է ուղարկել մարդկային գեների առաջին հավաքածուն` DSB-01 գեների տիեզերական բանկը:  Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) վկայությամբ` այն հոկտեմբերի 25-ին տիեզերք են արձակել «Չանչժեն-4» կրող հրթիռի միջոցով: Մեկնարկը տրվել է Շանսի հյուսիսային գավառում գտնվող Թայյուան տիեզերակայանից:

Չինաստանի 8 քաղաքացուց  վերցված գենային նյութը տեղադրվել է հատուկ արկղի մեջ, որը կարողանում է իր պարունակությունը պաշտպանել տիեզերական ռադիացիայի ներգործությունից: Նախագծի կազմակերպիչների խոսքով` բանկը անվնաս կարող է մնալ հազարավոր տարիներ:

CCTV հետուստաալիքը ներկայացրել է մասնագետների հաշվարկը, որի համաձայն արդեն առաջիկա 400 տարում Երկիրը կարող է պիտանի չլինել մարդու բնակության համար: Հիմնական պատճառներ են նշվել մոլորակի պաշարների վատնումն ու վերաբնակեցումը: Ենթադրվում է, թե գեների այդ բանկի օգնությամբ կստեղծվի «մարդկային նոր քաղաքակրթություն»:

Մոտ ժամանակներս Shanghai ManWei Technology մտադիր է ստեղծել գեների տիեզերական բանկ, որտեղ պետք է պահպանվեն միլիոնավոր նմուշներ: Մտահղացման համաձայն` այդ գենային նյութը հարկ կլինի տեղափոխել Մարս և «Երկրին նման մոլորակներ»:

Դե ինչ, առաջին քայլով Չինաստանը հոգ է տարել, որ իր տեսակը տիեզերքում ընդմիշտ գոյատևի, չնայած Երկրի վրա նույնպես հիմա նրանք ամենաբազմաքանակ ազգն են: Չի բացառվում, որ Չինաստանի այս գաղափարը դուր գա նաև մյուս «տիեզերական» պետություններին, և յուրաքանչյուրը ցանկանա իր տեսակը պահպանել և բազմացնել տիեզերքում: Բայց եթե այնտեղ հայտնվեն մոլորակի վրա քաոս ու թալան տարածողների գեներ կրողները, ապա ի՞նչ երաշխիք կա, որ տեսակի պահպանումը տիեզերքի օգտին է լինելու: