Վրաստանը նախագահ կընտրի երկրորդ փուլով

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵՆ ՆԱԽՈՐԴ ԵՎ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏՂԱՄԱՐԴՈՒ ԵՎ ԿՆՈՋ ՄԻՋԵՎ

Անցած կիրակին մեր հարևան Վրաստանում համապետական ընտրությունների օր էր՝ 25 թեկնածուներից պետք է պետության նախագահ ընտրեին: Ինչպես հաջորդ օրը ճեպազրույցում նշել է ԿԸՀ ղեկավար Թամարա Ժվանիան՝ արդեն հաշվարկվել է քվեաթերթիկների համարյա 100%-ը, որից պարզ է դառնում, որ Վրաստանի նոր նախագահը կընտրվի երկրորդ փուլով:
 
- Այս պահին հաշվարկվել է 3703 ընտրատեղամասերի քվեաթերթիկների համարյա 100%-ը: Գրիգոլ Վաշաձեն հավաքում է ընտրողների ձայների 37,74%-ի, իսկ Սալոմե Զուրաբիշվիլին՝ 38,63%-ը: Ամենայն հավանականությամբ՝ տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ,- հայտարարել է Ժվանիան: 
 
Հենց Սալոմե Զուրաբիշվիլին էլ, ում սատարում է Վրաստանի իշխող կուսակցությունը, գլխավորում է թեկնածուների ցանկը: Այս պահի դրությամբ երկրորդ տեղն զբաղեցրած Գրիգոլ Վաշաձեին սատարում է «Ազգային միասնական շարժումը», որը Վրաստանում իշխում էր նախկինում: 25 թեկնածուներից շատ թե քիչ նշանակալի քվեներ է հավաքել նաև Դավիթ Բաքրաձեն (10,93%), նրան հետևում է Շալվա Նաթելաշվիլին (3,76%):
 
Վրաստանում գործող կարգի համաձայն՝ եթե նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը 50% ձայն չի հավաքել, արդյունքների պաշտոնական հրապարակումից ոչ պակաս, քան երկու շաբաթ անց տեղի է ունենում երկրորդ փուլը: 
 
Այսպիսով՝ մինչև դեկտեմբերի 1-ը մեր հարևանները պետք է ընտրություն կատարեն ոչ միայն նախորդ և ներկա իշխանությունների, այլ նաև տղամարդու և կնոջ միջև: 
 
Մենք լավ ենք հիշում, որ նախկինում անկախ Վրաստանի իշխանություններն այնքան էլ հայանպաստ քաղաքականություն չէին վարում, թեև չենք կարող անվարան հայտարարել, թե նորերը առանձնապես հայասեր են: Մեզ համար կարևոր է, որ Վրաստանի նախագահն ու նրան սատարող ուժը հասկանան ոչ միայն իրենց երկրի շահն ու կարիքները, այլև մտահոգվեն մեր տարածաշրջանի համար: