Ահաբեկիչների «քնած բջիջներ» կան աշխարհի ավելի քան 60 երկրում

Այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում տարածքներ կորցնելով՝ իսլամիստ ահաբեկիչները գաղտնի բջիջներ են հիմնում և արմատավորվում աշխարհի տարբեր երկրներում, անշուշտ, շատ մտահոգիչ է:
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում լրագրողների հետ դրանց մասին խոսել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչ Վլադիմիր Գրիգորևը: Նա հայտնել է, որ ահաբեկիչների «քնած բջիջները» առկա են ավելի քան 60 երկրներում:
 
- Փորձագիտական որոշ գնահատականներով՝ ահաբեկիչների «քնած բջիջները» գոյություն ունեն աշխարհի ավելի քան 60 երկրներում, և Համագործակցության երկրները այստեղ բացառություն չեն,- ընդգծել է Գրիգորևը:
 
Բնականաբար, այդ բջիջներն ստեղծվել են ոչ թե հավերժական քնի, այլ ազդանշանով արթնանալու և աշխարհով մեկ չարիք սփռելու նպատակով: Ըստ էության՝ ամբողջ մոլորակով տարածվել է դանդաղ գործողության ռումբերի մի հսկա ցանց, որը պակաս վտանգավոր չէ, քան  միջուկային բոլոր լիցքերի պայթյունը: 
Իսկ ԱՊՀ-ն իսլամիստների համար թերևս պարարտ հող է, քանի որ խորհրդային անաստվածության տարիներից հետո հանկարծ կրոնամոլ դառնալով՝ որոշ հանրապետությունների խակ բնակիչներ իրենց պարտքն են համարում մոլեռանդորեն  նվիրվել իրենց կրոնի գաղափարներին:
 
Միջինասիական մուսուլմանական հանրապետությունները, Սիբիրի ու Կովկասի որոշ հատվածներ այդ «քնած բջիջների» համար թերևս շատ հարմար ու տաքուկ «անկողիններ» են: Եվ գուցե պետք է խոստովանել, որ իրենց մարդատյաց նպատակներին հասնելու համար ահաբեկիչները շատ հարմար գործիքներ են գտել՝ ընդհատակյա բջիջներ, որոնք գործելով տվյալ երկրների իշխանությունների քթի տակ (իսկ երբեմն՝ գուցե հենց նրանց հովանավորությամբ)՝ ամեն րոպե կարող են գործի անցնել: 
 
Մոլորակում ցանցի նման ցրված ու ընդհանուր թելերով կապված ենք նաև հայերս, սակայն ընդհանուր շահերի գիտակցություն ուղղակի չունենք: Համեմատությունը տեղին չէր լինի, եթե այդքան մեծ չլիներ նպատակների տարբերությունը և նման՝ համախմբվելու անհրաժեշտությունը: Այդ բջիջների գաղափարը իսլամիստները չեն հղացել, նրանք միայն կարողանում են դրանցից հաջողությամբ օգտվել: Իսկ ինչո՞ւ համաշխարհային հայությունն էլ իր բջիջները չստեղծի՝ բացահայտ, արթուն ու նպատակասլաց, որոնք աշխարհով մեկ գործեն ի նպաստ պատմական հայրենիքում հայության միավորման, ի նպաստ աշխարհի խաղաղության ու առաջընթացի: