Ինչպես պայքարել թմրավաճառների դեմ

ԱՌԱՆՑ ԳՐՈՇ ԾԱԽՍԵԼՈՒ՝ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՓՈՔՐԱՑՆԵԼՈՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Մարտից Իտալիայում հաստատված նոր իշխանությունը շատ ուշագրավ գործ է ձեռնարկել: Այնտեղ պայքար են սկսել դպրոցականների շրջանում թմրանյութեր տարածողների դեմ և դրա համար բավական անսովոր և թերևս շատ արդյունավետ միջոց են մտածել: 
 
Ինչպես «Թուիթերում» հոկտեմբերի 31-ին գրել է Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին, դպրոցները թմրանյութեր վաճառողներից պաշտպանելու նպատակով նախարարությունը 2,5 մլն եվրո կտրամադրի, որպեսզի հնարավոր լինի վարձել լրացուցիչ աշխատակիցներ և վճարել անհրաժեշտ այլ աշխատանքների համար: 
 
Այդ գումարի 1,3 մլն եվրոն ծախսվելու է նոր աշխատակիցների վարձատրության համար, որոնց աշխատանքի են վերցնելու մշտական պայմանագրերով: Մնացած միջոցները պետք է ուղղվեն տեսախցիկներ ձեռքբերելուն, գովազդային արշավներ կազմակերպելուն և այլն: 
 
Ամենաշատ միջոցներն ուղղվելու են թմրամիջոցների տարածման տեսանկյունից ամենախնդրահարույց քաղաքներին. Հռոմին՝ 720 հազ. եվրո, Միլանին ՝ 345 հազ. եվրո, Նեապոլին՝ 240 հազ. եվրո և Թուրինին՝ 220 հազ. եվրո:
 
Այսքան գումարով Իտալիան փաստորեն առնվազն երեք խնդիր է լուծում՝ հարվածում է թմրավաճառներին, իր ապագա քաղաքացիներին զերծ է պահում թմրամոլության ախտից և, վերջապես, բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում՝ փոքրացնելով գործազրկությունը: Բայց ամենաուշագրավն այն է, թե որտեղից է այդ գումարն առանձնացնելու Իտալիայի կառավարությունը: Պարզվում է՝ երկրի բյուջեի վրա այն ոչ մի եվրոյով չի ծանրանալու: Այս գրառումից առաջ ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ թմրավաճառների դեմ պայքարի շրջանակներում ենթադրվում է նրանցից առգրավել միջոցները, որոնց ծավալը համադրելի կլինի այդ ծրագրի բոլոր ծախսերին, այսինքն՝ մոտ 2,5 միլիոն եվրո: 
 
Մեր ժամանակներում, երբ շատ երկրներում մարիխուանայի տարածումն օրինականացնում են, թերևս Իտալիայի փորձի ուսումնասիրությունը պարտադիր է: Դու նախ քո երկրի դպրոցականներին զերծ պահիր թմրամոլությունից, դրա համար ջանքեր գործադրիր ու գործուն ծրագրեր իրականացրու, դաստիարակիր ու գիտելիքներ հաղորդիր, իսկ հետո, երբ թմրանյութերն ամենուր հասանելի կլինեն, վստահ եղիր, որ քո քաղաքացին դրանց պատճառով ինքնակործանման ճանապարհ չի բռնի: