Ինչո՞վ է պայմանավորված Թայվանի «ուղեգծի փոփոխությունը»

Ուղիղ մեկ շաբաթ առաջ էր, որ Միացյալ Նահանգների բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հոջեսը Վարշավայում հայտարարեց, թե առաջիկա 15 տարում «մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ը ի վիճակի կլինի պատերազմ վարել Չինաստանի դեմ»: Իսկ որևէ երկրի հետ պատերազմ վարելու համար առաջին հերթին առիթ կամ ուղղակի պատրվակ է հարկավոր: Այն, ինչ հոկտեմբերի 31-ին ասել է Թայվանի մայրաքաղաք Թայբեում Ամերիկյան ինստիտուտի (ըստ էության՝ ԱՄՆ դեսպանատան) ղեկավար Բրենտ Քրիստենսենը, թերևս կարելի է համարել առիթ որոնելու առաջին քայլը:
 
Քրիստենսը լրագրողներին ասել է, թե Վաշինգտոնը շարունակում է Թայբեին աջակցել, որպեսզի նա միջազգային հանրությունում «էական դեր խաղա»: 
 
Հիշեցնենք, որ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ 1949թ., մայրցամաքային Չինաստանը կորցրել է իր վերահսկողությունը Թայվան կղզու վրա իսկ այժմ ձգտում է վերջնականապես միավորել իրեն: Թայվանի արդի վարչակազմը՝ Ցայ Ին-Վենի գլխավորությամբ, հրաժարվել է ընդունել «մեկ Չինաստան» սկզբունքը, մինչդեռ մինչ այդ ուղեգիծ էր ընդունվել աստիճանաբար միավորվել Չինաստանի հետ: Վաշինգտոնը Թայբեյի հետ պաշտոնական կապերը խզել է 1979թ., սակայն շարունակում է կղզու հետ սերտ կապեր պահպանել, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության գծով: Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Ռազմածովային ուժերի նավերը ցուցադրաբար անցել են Թայվանի նեղուցով՝ այդպիսով հարուցելով Պեկինի բարկությունը: 
 
Այն, որ Թայվանի ապագան կարող է որոշվել ոչ խաղաղ ճանապարհով, Վաշինգտոնը «լուրջ հիմնախնդիր» է համարում: Այդ մասնին ևս լրագրողներին ասել է Բրենտ Քրիստենսենը: 
 
- Թայվանի ապագան խաղաղից բացի այլ միջոցներով լուծելու ցանկացած փորձ կհարուցի Միացյալ Նահանգների լուրջ մտահոգությունը,- դիվանագետի խոսքերն է փոխանցել Reuters գործակալությունը; 
 
Ավելի վաղ Թայվանի վարչակարգի գլխավոր Ցայ Ին-Վենը Պեկինին մեղադրել էր կղզու վրա ճնշումն ավելացնելու, այն մեկուսացնելու փորձերի և Թայվանի նեղուցի ափերի միջև ստատուս-քվոն փոխելու փորձի համար: 
 
Իսկ ահա ՉԺՀ պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն օրերս նախազգուշացրել է, որ Չինաստանը վճռական գործողությունների կդիմի և պատրաստ է «վճարել ցանկացած գին»՝ որպեսզի խաթարի Թայվանն անջատելու փորձերը և պահպանի իր տարածքային ամբողջականությունը: 
 
Արդյո՞ք հիմնազուրկ է շրջանառվող այն կարծիքը, թե  Թայվանի «ուղեգծի փոփոխությունը» Միացյալ Նահանգների հուշումով կամ պարտադրանքով է եղել: Սա զառանցական միտք կթվար, եթե միջազգային բոլոր գործընթացները ցույց չտային, որ աշխարհը մեծ արագությամբ գլորվում է դեպի «մեծ պատերազմը», ինչի մասին Վարշավայում ակնարնել էր նույն Հոջեսը: